
Պապիկյանը կոչ է անում բանակի մասին հայտարարություններում զգուշավորություն ցուցաբերել
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ 2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի` մարտական դիրքից անհետացմանը:
Նա հայտնեց, որ ռազմական ոստիկանությունը քրեական գործ է հարուցել և հայտարարել հետախուզում: Զինծառայողի վայրն անհայտ է, նա ընտանիքի հետ կապ չի հաստատել, ծառայակից ընկերներից որևէ մեկը հարուցված քրեական գործում որևէ կարգավիճակ չունի:
Աբրահամյանը հայտնեց նաև մարտական դիրքից կորած մեկ այլ զինծառայողի մասին, այս անգամ` պայմանագրային զինծառայող: Երկրորդ դեպքը եղել է 2021-ի նոյեմբերի 12-ին: Աբրահամյանի խոսքով` երկրորդ միջադեպի վերաբերյալ ՊՆ-ն նույնիսկ հաղորդագրությամբ հանդես չի եկել:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ նշված գործերը քննվում են Քննչական կոմիտեում:
«Մենք Ձեր գրությանն ուղղորդել էինք Քննչական կոմիտե: Ավելի մանրամասն պատրաստ եմ քննարկել Ձեզ հետ հանդիպման ժամանակ, այլ նորություն էստեղից բարձրաձայնել չեմ կարող»,- ասաց Պապիկյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե նախորդ տարի ո՞րքան ոչ մարտական կորուստ են ունեցել զինված ուժերը, և արդյոք այդ մահվան դեպքերի պատճառահետևանքային կապերի վերլուծություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ:
Նախարարն ասաց, որ ցուցանիշները պատրաստ չէ այս պահին հայտնել, ապա հավելեց` մտահոգիչ հանգամանքներ կան, որոնք տեղի են ունեցել 2021-ի ընթացքում: Պապիկյանը հավելեց` չնայած պատգամավորի նշած դեպքերը իր պաշտոնավարման շրջանում չեն եղել, սակայն իր պատասխանատվության տիրույթում են:
«Ես հետամուտ եմ լինելու յուրաքանչյուր դեպքին, որ մանրամասն քննություն անցկացվի»,- ասաց նա:
Նա նաև խոսեց մահվան դեպքերի պատճառահետևանքային կապերի մասին` ասելով, որ խնդիրները թե՛ հոգեբանական են, թե՛ հետպատերազմական իրավիճակով են պայմանավորված, թե՛ բանակի առնչությամբ բաց հրապարակումներով:
«Այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դառնում են բոլորի, այդ թվում` հակառակորդի սեփականությունը: Ուզում եմ կոչ անել ընդդիմադիրներին, հասարակությանը, բանակի մասին ինֆորմացիայով կիսվելիս զգուշավորություն ցուցաբերել: Ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ մարդկանց ու երկրի համար»,- եզրափակեց նախարարը:
Մեկնաբանել