
Աշոտ Մինասյանի գործը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատարանից:
Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Մինասյանի գործը արդեն շուրջ 15 օր է՝ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Թե երբ է գործը դատարան ստացվել, մեզ հայտնի չէ, իսկ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գործն առհասարակ մուտքագրված չէ: Համակարգը չի գործում:
Աշոտ Մինասյանը մեղադրվում է զենք-զինամթերք պահելու մեջ: Նրան ի սկզբանե մեղադրանք էր առաջադրված նաև Նիկոլ Փաշինյանի սպանությունն, ինչպես նաև իշխանության յուրացումը նախապատրաստելու հոդվածներով, սակայն մոտ մեկ տարի անց այս հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցվել է:
Նշենք, որ իշխանության յուրացումը և Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու հոդվածներով մեղադրյալի կարգավիճակ են ունեցել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը: Վերջիններիս նկատմամբ ևս քրեական հետապնդումը դադարեցվել է:
Մեկնաբանել