
300 հազար դրամը գերազանցող գործարքները կլինեն անկանխիկ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի և Տաթևիկ Գասպարյանի հեղինակած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխություններով պատերազմում զոհված զինծառայողի ժառանգությունը ստանալու պարզեցված ընթացակարգ է նախատեսվում : Նախագիծն ընդունվեց 86 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ 66 կողմ, 28 դեմ և 5 ձեռնպահ ձայներով: Ըստ փոփոխությունների` հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող ֆինանսական գործարքները կկատարվեն բացառապես անկանխիկ եղանակով:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը` 89 կողմ, 0 դեմ և 10 ձեռնպահ ձայներով: Այս փոփոխությունները հնարավորություն են տալու անվճար դասագրքերով ապահովել նաև մասնավոր դպրոցների մինչև չորրորդ դասարանի աշակերտներին:
Մեկնաբանել