
ԱԺ նիստն ընդմիջվեց պատգամավորների վիճաբանությամբ
Խորհրդարանի հերթական նիստում բանավեճ սկսվեց, և նիստն ընդմիջվեց։ Ամեն ինչ սկսվեց Ռուբեն Ռուբինյանին թուրքական գործակալ համարելու «Հայաստան» խմբակցության մեղադրանքներից: Վաղ առավոտից խմբակցության պատգամավորներն անդրադառնում են Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցչի միջև Մոսկվայում կայացած հանդիպմանը, նաև մեղադրում նրան գործակալ լինելու մեջ: Այդ ելույթներից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և կոչ արեց գործընկերներին զերծ մնալ պիտակավորումներից:
«Որևէ երկրում գտնվելը բերել, կապել ազդեցության գործակալության հետ, նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով՝ կապել գործակալ լինել-չլինելու հետ, խնդրում եմ ձեր շուրջը նայել, ազգանունների մեջ կարող է կասկածելի ազգանուններ հանդիպեք»,- ասաց Արշակյանը:
Այս խոսքերից հետո տեղից խոսում էր Հռիփսիմե Ստամբուլյանը, և Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց վերջինիս: Նա շարունակում էր տեղից խոսել, Ռուբինյանն էլ` գոռգոռալ: Նա կոչ արեց «Հայաստան» խմբակցությանը հանգստանալ ու տեղները նստել: Պատգամավորները հավաքվել էին ամբիոնի մոտ և գոռգոռում էին միմյանց վրա: Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց:
Մեկնաբանել