
Կողմ ենք, որ հայ-թուրքական հարաբերություններն օր առաջ կարգավորվեն․ Հակոբ Արշակյան
Օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեցին ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի աշխատանքները: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը ներկայացրեց նոր մանդատ ստացած պատգամավորներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին:
Հիշեցնենք, որ վերջիններս փոխարինում են մարզպետներ նշանակված, նախկին պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին։
Նախ նորընտիր պատգամավորները երդվեցին, ապա Հակոբ Արշակյանը ներկայացրեց հունվարի 17-ի հերթական նիստի օրակարգը, որի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձան Հայաստանի և Թուրքիայի բանագնացների` հունվարի 14-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Նախ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության հիման վրա և ԱԺ-ից ստացել է գործուղման ծախսեր:
Նա հետաքրքրվեց, թե արդյոք Ռուբինյանը Թուրքիայի բանագնացի հետ հանդիպել ու բանակցություններ է վարել խորհրդարանի՞ կողմից, ու ինչո՞ւ այդ հարցը ԱԺ խորհրդում չի քննարկվել:
Հակոբ Արշակյանն արձագանքեց, թե պետության կողմից բանագնաց է նշանակվել, հետևաբար՝ պետությունն էլ հոգում է գործուղման ծախսերը:
Նույն խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցին ԱՄՆ: Նրա խոսքով` Սիմոնյանը գնացել է ՔՊ-ական պատգամավորների և ԱԺ աշխատակազմից ներկայացուցիչների հետ, և ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` պատվիրակության կազմում է եղել նաև Սիմոնյանի կինը:
Արշակյանը զարմացավ պատգամավորի նման հարցերից` ասելով, որ պատվիրակության կազմը հայտնի է, ոչ մի ծախս գաղտնի չի պահվում, ապա խորհուրդ տվեց քաղվածքների համար դիմել ԱԺ աշխատակազմ:
Մանուկյանն արձագանքեց` Սիմոնյանի համար հատկացված կառավարական առանձնատան վերանորոգման ծախսերի համար դիմել է ԱԺ աշխատակազմ, սակայն մերժում է ստացել` որպես գաղտնի ծախս: Մանուկյանը հիշեցրեց, որ հեղափոխական թիմի անդամները 2018-ին հեծանիվից, մետրոյից ու էկոնոմ դասից էին օգտվում, իսկ այժմ «հեղափոխական էնտուզիազմով մտնում են բյուջեի մեջ»:
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց` Մոսկվայից վերադարձել է էկոնոմ կարգով:
Այնուհետև Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց, թե ինչ կառուցողական քննարկում են ունեցել Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները:
Արշակյանն արձագանքեց, որ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանմամբ է հանդես եկել, ապա հավելեց, որ Հայաստանի անկախության հաստատումից ի վեր Հայաստանի դիրքորոշումը միշտ եղել է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը, ուստի, այդ տրամաբանությունը չի փոխվել, այժմ էլ Հայաստանը հանդես է գալիս նույն դիրքերից:
«Մենք կողմ ենք, որ հարաբերությունները օր առաջ կարգավորվեն, դա բխում է Հայաստանի ու հայ ժողովորդի շահերից: Հաղորդագրությունը, որն ԱԳՆ-ն տարածել է, ըստ էության, բնութագրում է բանակցությունների ընթացքը»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Բանակցությունների վերաբերյալ խոսեց նաև Հայաստանի բանագնաց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը` հիշեցնելով, որ դեռևս նախորդ տարվա ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունն առ այն, որ կա հարաբերությունների հաստատման պատրաստակամության որոշակի պրոցես, ինչին հետևեց Թուրքիայի, ապա Հայաստանի ԱԳՆ-ների հայտարարությունները: Ռուբինյանը հիշեցրեց ԱԳՆ տարածած հայտարարությունը, ապա ասաց, որ կառուցողական քննարկում նշանակում է կառուցողական:
Ծավալված քննարկումից հետո Անդրանիկ Թևանյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել օրեր առաջ թշնամու կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակը:
Մեկնաբանել