
Գաղութի ջրամատակարարումը վերականգնվել է. ջրազրկումը տեւել է 2 օր
Լրատվության առանձին միջոցներով հրապարակվել է խեղաթյուրված տեղեկություն այն մասին, թե իբր հինգ օր է, ինչ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դադարեցվել է ջրամատակարարումը, ինչի արդյունքում դատապարտված և կալանավորված անձինք զրկված են հիգիենայի պայմանների պահպանումից:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Երևան Ջուր» ընկերությունը դադարեցրել էր ջրամատակարարումը ոչ թէ հինգ, այլ` երկու օր, մայիսի 18-ից մինչև մայիսի 20-ը, ժամը 09:00-ն, ինչի մասին նույն ընկերությունը դեռևս մայիսի 16-ին տարածել էր հաղորդագրություն:
Քրեակատարողական հիմնարկը, նախապես տեղեկանալով ջրամատակարարման դադարեցման մասին, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, մասնավորապես` ամբողջությամբ ապահովել է ջրի պահեստավորման և մատակարարման հարցը, ինչի արդյունքում քրեակատարողական հիմնարկը նշված օրերին չի ունեցել ջրի պակաս: Ամբողջությամբ հորինված է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե իբր քրեակատարողական հիմնարկ ջուր են բերել դատապարտված և կալանավորված անձանց հարազատները:
Այսպիսով, ս.թ. մայիսի 20-ից, ժամը 09:00-ից, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Երևան Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարումը վերականգնվել է: Այս մասին հայտնում է ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:
Մեկնաբանել