
Գնդապետ Սերոբ Հարությունյանը չէր ծանուցվել իր գույքի բռնագանձման գործով նիստի մասին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Նաիրա Ավետիսյանի, այսօր նշանակված էր գնդապետ, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի նախկին պետ Սերոբ Հարությունյանի գույքի բռնագանձման գործով դատական նիստ:
Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված են Հարությունյանը, վերջինիս որդին` Հարություն Հարությունյանը և կինը` Անուշ Անտոնյանը: Վերջիններս նիստի օրվա և ժամի մասին ծանուցագիր չէին ստացել, նիստը հետաձգվեց, իսկ հաջորդը նշանակվեց մեկ ամիս անց:
Նշենք, որ Դատախազությունը դատարանից պահանջում է Հարությունյանից, նրա կնոջից ու որդուց բռնագանձել 485 միլիոն դրամ արժողությամբ գույք, որոնց թվում` Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, երկու ավտոկայանատեղիներ և մի քանի այլ սեփականություն:
Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականին: Այս օրենքով, ի թիվս այլնի, սահմանվում է, որ
1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը:
2. Դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը, այդ թվում՝ մեկ միավոր գույքը, մի քանի միավոր գույքը կամ մեկ միավոր գույքի բաժինը, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով։
3. Պատասխանողը կարող է հերքել գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ։
4. Այն դեպքերում, երբ փաստերը, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, անձը չի կրում իր կողմից ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները, եթե ապացուցում է, որ տվյալ ապացույցը ոչնչացվել է կամ կորել է ոչ իր մեղքով։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել