HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներից հետո հարուցվել են քրեական գործեր

Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքների մասին անանուն նամակներից հետո։ Այս մասին TACC գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը։

«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով («Ահաբեկչական գործողության մասին դիտավորյալ կեղծ հաղորդում»)»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է տուգանք 500-ից 700 հազար ռուբլու չափով կամ ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ անհայտ անձինք հայտարարել էին Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում պայթյուններ իրականացնելու մտադրության մասին՝ պահանջելով դուրս բերել զորքերը Ղազախստանի տարածքից։ 

«Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի և Բելառուսի դեսպանությունների էլեկտրոնային փոստերին պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացվել։ Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել զորքերը Ղազախստանի տարածքից»,- հայտնել էր TACC գործակալության զրուցակիցը։ 

Նրա խոսքով՝ շենքերն ուսումնասիրվել են, որևէ պայթուցիկ սարք կամ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել էր ՀԱՊԿ երկրներին՝ խնդրելով խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան, ինչը պայմանավորված էր այդ երկրում ընթացող ներքաղաքական բախումներով և բողոքի ցույցերով, որի արդյունքում զոհվել է մի քանի տասնյակ մարդ։ 

Հայաստանը ևս իր անձնակազմն է ուղարկել Ղազախստան, որն այդ երկիր է հասցվել ՌԴ զինված ուժերի Իլ-76 ինքնաթիռով։ Կառավարության համապատասխան որոշումն հունվարի 6-ին ստորագրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ներգրավված 100 զինծառայողներից բաղկացած հայկական անձնակազմը արդեն իսկ անցել է իր առջև դրած խնդրի կատարմանը։

Լուսանկարը՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter