HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Կառավարությունն ընդունեց ինքնակամ կառույցների հաշվառման նոր կարգը

Հունվարի 5-ին Կառավարության հերթական նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը զեկուցեց «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Սուրեն Թովմասյանն ասաց, որ նախագծով կարգավորում է այն հարցը, թե ինչ ընթացակարգով պետք է ինքնակամ կառույցները հաշվառվեն, այնուհետև ներկայացվեն օրինականացման համար։ 

«Մենք սույն կարգով կանոնակարգում ենք տվյալ ինքնակամ կառույց-շինության վերաբերյալ տվյալների հավաքագրումը։ Ըստ այդմ՝ կարգավորումներով նախատեսվում է, որ ինքնակամ կառույց ունեցող քաղաքացին պետք է դիմի Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրման մասնագետին, այնուհետև մասնագետը պետք է իրականացնի իր աշխատանքը՝ տեղում ուսումնասիրի, չափի շինությունը և համապատասխան կոորդինատները, որից հետո Կոմիտեի ղեկավարի 75Ն հրամանին համապատասխան փաթեթ պետք է կազմի, և այս փաթեթը չափագրողն ու պատվիրատուն համատեղ պետք է ուսումնասիրեն ու կնքեն համաձայնագիր, որ տվյալ ինքնակամ կառույցին վերաբերող բոլոր տվյալները ճիշտ են ներառված համապատասխան փաթեթում»,- նշեց Թովմասյանը։ 

Նա հավելեց, որ չափագրող մասնագետը Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված չափագրման էլեկտրոնային հարթակ պետք է մուտքագրի տվյալ չափագրման փաթեթը, որից հետո քաղաքացին կծանուցվի sms հաղորդագրությամբ, որ չափագրման փաթեթը մուտքագրված է Կադաստրի կոմիտեի չափագրման առցանց գրասենյակ չափագրողի կողմից։ Եվ այդ պահից սկսած՝ ինքնակամ կառույցը կհամարվի հաշվառված։

Վերջինս ընդգծեց այն փաստը, որ Կադաստրի կոմիտեն չափագրողին տվել է առցանց գրասենյակ, և քաղաքացին կարիք չունի որևէ տեղ այցելելու, բացառապես չափագրողին դիմելու գործառույթն է այստեղ, և մնացած բոլոր գործառույթները կատարվում են համապատասխան որակավորում ստացած մասնագետի կողմից էլեկտրոնային հարթակի միջոցով։

«Տվյալ չափագրման փաթեթը հաշվառվելուց հետո քաղաքացին կուղղորդվի կառավարության մեկ այլ որոշումով, որտեղ սահմանվում է ինքնակամ կառույցների օրինականացման կարգը»,- ասաց նա։

Կադաստրի կոմիտեի ղեկավարը խոսեց նաև ժամկատների մասին՝ նշելով, որ կարգի ընդունումից հետո երկամսյա ժամկետ է սահմանվում 2021 թվականին կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման համար, և 2 ամիս հետո հաշվառված են համարվելու այն ինքնակամ շինությունները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունները մուտքագրված են լինելու չափագրման առցանց գրասենյակ։ Իսկ Երևան քաղաքի համար կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետ է սահմանված Քաղաքացիական օրենսգրքով, և այդ ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարի 1-ին։ Մյուս քաղաքային բնակավայրեր ունեցող համայնքներում ժամկետ է սահմանված մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Եվ գյուղական բնակավայրերի համար ինքնակամ կառուցների հաշվառման ժամկետ է սահմանված մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Կան որոշ դեպքեր, երբ ինքնակամ կառույցը հաշվառելու կարիք չի առաջանում։

«Այն շինությունները, որոնք սեփականաշնորհման վկայականներում արտացոլված են որպես ինքնակամ, հաշվառման ենթական չեն, մենք համարում ենք, որ դրանք արդեն իսկ հաշվառված են Կադաստրի կոմիտեում, և այն քաղաքացիները, ովքեր իրենց անշարժ գույքի սեփականաշնորհման վկայականներում ունեն հաշվառված ինքնակամ շինությունների վերաբերյալ տվյալներ, և այդ շինությունները փոփոխության չեն ենթարկվել այս ժամանակահատվածում, նրանք կարող են չափագրողին չդիմել, և Կադաստրի կոմիտեում այդ տվյալները համարվում են հաշվառված։ Հաշվառված են համարվում նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում կամ Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման մատյանում արտացոլված ինքնակամ շինությունները։ Այսինքն՝ մենք սրանով հանել ենք այն շինությունների հաշվառման պահանջը, որոնց վերաբերյալ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում առկա է տեղեկատվություն»,- ասաց Սուրեն Թովմասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց, թե ինչպես են կառավարելու ռիսկերը, որ նշված ժամանակահատվածում Հայաստանում ինքնակամ կառույցների բում տեղի չունենա, քանի որ Հանրապետությունում այդ պրոցեսն ավարտվելու է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, և այդ ընթացքում կարելի է անսահմանափակ քանակությամբ ինքնակամ կառույցներ ստեղծել։ 

Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ 2021 թվականին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում ֆիքսված կան մինչև 2021 թվականը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները։ 

«Արձանագրում ենք այն հանգամանքը, որ 2022, 2023, 2024 թվականներին կառուցված ինքնակամ շինությունները ուղղակի այդ լուսանկարի վրա արտացոլված չեն լինելու, բացի դա՝ այս հաշվառման կարգի կանոններով չհաշվառված լինելու պարագայում դրանք դուրս են մնալու հաշվառման ցուցակից և հետագայում պարզ է լինելու, որ դրանք նոր հայտնված ինքնակամ շինություններ են»,- նշեց նա։ 

Սուրեն Թովմասյանի խոսքով՝ համայնքի ղեկավարների և տեսչական մարմինների վրա հստակ ժամանակացույցներով լիազորություններ են վերապահվելու, որ բացառվեն ինքնակամ կառույցների հայտնվելը համայնքներում։ 

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ ընդգծեց, որ այս կարգավորումները վերաբերում են մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցներին և հավելեց, որ եթե ինքնակամ կառույցը հաշվառվում է, չի նշանակում, որ պետք է օրինականացվի, քանի որ գոյություն ունի կառավարության մեկ այլ որոշում, որով անցնելու է համապատասխան ընթացակարգով և վերջնարդյունքում որոշվելու է՝ տվյալ ինքնակամ կառույցը ենթակա՞ է օրինականացման, թե՝ ոչ։

Որոշումն ընդունվեց առանց «դեմ» ձայների։

Նշենք, որ ինքնակամ կառույցների հաշվառում իրականացնելու պահանջը սահմանվել է 2021թ․ դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ» կատարելու մասին օրենքի նախագծով, ըստ որի՝ այդ կարգը պետք է սահմանվի Կառավարության որոշմամբ։ 

Այս նախագծի ընդունումը պամանավորված է ինքնակամ կառույցներն այլևս չօրինականացնելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ։

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Մեկնաբանություններ (1)

Ռուզաննա Ղազարյան
Տեսնես ի՞նչ է կատարվել կամ փոխվել այս մեկ տարվա ընթացքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter