
ՏԿԵ նախարարությունը հրաժարվում է Արմավիրի մարզի երթուղայինի նոր մրցույթը կասեցնելուց
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի պատրաստվում կասեցնել Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղու համար հայտարարված մրցույթը։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայնտել է ՏԿԵ նախարարի՝ տրանսպորտի ոլորտը համակարգող տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Հետք»-ը նոյեմբեր ամսին գրել էր, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի (Նորագյուղցի Բոգո) համար երթուղայինի մրցույթ է չեղարկել։ Մրցույթին մասնակցած և իր կարծիքով հաղթած մասնակից «Գալակտիա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը պնդել էր, որ ապօրինի են մրցույթը չեղարկել։ Հետագայում այդ ՍՊԸ-ն դիմել էր դատարան, որպեսզի չեղարկված մրցույթում իրեն հաղթող ճանաչեն և նոր մրցույթը կասեցնեն։ Հայցը վարույթ էր ընդունվել և համաձայն «Վարչական դատավարության օրենսգրքի» 83-րդ հոդվածի՝ պետք է նոր մրցույթը կասեցվեր, սակայն ՏԿԵ փոխնախարարի՝ մեր ուղղված գրությունից պարզվում է, որ նախարարությունում այդպիսի մտադրություն չունեն։
«Ինչ վերաբերում է այն հարցադրմանը՝ արդյոք հայտարարված մրցույթի անցկացումը կասեցվել է, թե ոչ, ապա տեղեկացնում ենք, որ մրցույթի կասեցման հիմքեր չկան»,- հայտնել է փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Մեկնաբանել