HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի ժամկետով՝ նախկին 10 տարվա փոխարեն

Կառավարության այս տարվա վերջին նիստի օրակարգում ընդգրկված 29 հարցերից զեկուցվող էր 1-ը՝ «Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Այն զեկուցեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։ Նա ասաց, որ առաջարկում են փոփոխություններ կատարել Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող ոչ կենսաչափական տվյալներով, այն է՝ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներում։

«Մասնավորապես, որոշման ընդունման արդյունքում նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով։ Նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի ներկայումս գործող կարգի համաձայն, այն է՝ 10 տարի վավերականության ժամկետով»,- ասաց ոստիկանության պետի տեղակալը։

Ֆիդանյանի խոսքով՝ տվյալ որոշման փոփոխության նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը շրջանառությունից հնարավորինս կարճ ժամանակում հանելը։

Վերջինս նշեց, որ այս առնչությամբ արդեն իսկ մեկնարկել են կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի նոր, առավել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները․ «Արդյունքում կունենանք քաղաքացիներին բարձր որակի ծառայություններ մատուցելու հնարավորություններով համակարգ։ Խոսքս միայն անձնագրերի տպագրման և տրամադրման գործընթացին չի վերաբերում, այն շատ առավել գլոբալ նույնականացման և տեղեկատվական համակարգի մասին է, ինչն ապահովելու է ոչ միայն պետական կառույցներում քաղաքացիների նույնականացման խնդիրը, այլև՝ ողջ տնտեսությունում։ Փորձելու ենք մեկ քայլ առաջ լինել տեխնոլոգիական և ծառայությունների մատուցման առումով, ինչու չէ, նաև՝ էլեկտրոնային անձնագրերի ներդրման առումով»,- ասաց Արա Ֆիդանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, ընդգծեց, որ այս փոփոխությունն անում են, քանի որ Հայաստանն այսօր տեխնոլոգիական առումով  հետ մնացած երկիր է։

«Որովհետև, օրինակ, այն անձնագիրը, որ այսօր Հայաստանի քաղաքացիներն օգտագործում են, ժամանակակից աշխարհում արդեն վաղուց չեն օգտագործում»,- ասաց վարչապետը։

Վերջինիս համոզմամբ՝ հարցը մի քանի շերտ ունի, այդ թվում՝ քաղաքական։ «Մենք երկար ժամանակ խոսում ենք, որ ընտրությունների այնպիսի համակարգ ունենանք, որ ի բնե ընտրությունների կեղծման որևէ մեխանիզմ գոյություն չունենա։ Եվ դրա համար ընտրությունների մեկ միասնական փաստաթուղթ ունենալն է նույնականացման քարտը։ Այսօր մենք հանրապետությունում 4 փաստաթուղթ ունենք, որոնցով կարելի է քվեարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հարցի երկրորդ շերտն այն է, որ առանց այս փոփոխության հնարավոր չէ երկրում իրականացնել թվայնացում։  Որոշման նախագիծն ընդունվեց առանց «դեմ» ձայների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter