HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Առաջարկվում է թույլատրել մահացած ծնված երեխաների հուղարկավորությունը

Առողջապահության նախարարությունը մշակել է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանոցների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է թույլատրել մեռելածինների հուղարկավորությունը։

Նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մահացած ծնված պտղի հետագա հուղարկավորության կամ դիակիզման հարցում ներկայումս առկա անորոշությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ վերջիններս չեն կարող հուղարկավորվել՝ հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման:  

Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մեռելածնի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում: Ծնողի կողմից հուղարկավորությունը ստանձնելուց հրաժարվելու դեպքում առաջարկվում է մեռելածնի դին կիզել` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններում:

Ներկայումս մահացած ծնված պտուղների աճյունները հրկիզվում են «ԷԿՈԼՈԳԻԱ Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ի միջոցով, որն իրականացնում է իր գործունեությունը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի ներքո` պտղի հերձում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի շրջանակներում այն դեպքում, երբ մահացած ծնված պտուղը կենսաբանական թափոն չի համարվում:

Նախարարությունը նշում է, որ հարցը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ, որի ընթացքում առաջ են քաշվել նաև խնդրի կարգավորման էթիկական ասպեկտները, ինչպիսիք են` մեռելածնին կենսաբանական թափոն դիտարկելու աննպատակահարմարությունը, քանի որ այսօր ամբողջ աշխարհում ավելանում են, իսկ Հայաստանում արդեն լինում են դեպքեր, երբ ծնողները պահանջում են մեռելածնի դին և հանձն են առնում նրա հուղարկավորությունը, հաշվի առնելով, որ մեռելածին պտուղը կարող է լինել 500 գրամից մինչև 3000 գրամ և ավել քաշի, և վերջինիս պարագայում զգայական մակարդակում ծնողի կողմից ընկալվել է որպես նորածին երեխայի դի:

Ըստ նախագծի՝ մեռելածնի աճյունը չի համարվի կենսաբանական թափոն, ինչը, նախարարության համոզմամբ, ընկալելի չի լինի հասարակության ստվար զանգվածի համար, սակայն, օրենքի ուժով սահմանելով մեռելածնի աճյունի կիզման վայրը, փաստացի կատարվող գործընթացը կբերվի օրինական դաշտ:

Նշված կարգավորումը նախարարության կողմից դիտակվում է ժամանակավոր, սակայն այս պահին անհրաժեշտ լուծում` մինչև Հայաստանում դիակիզարանների փաստացի շահագործումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter