
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Սիլ պլազայի» սեփականաշնորհման պատմությունը
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը նախաձեռնել է ուսումնասիրություն Երևանի Արամի 3 հասցեում վերակառուցված «Սիլ պլազայի» սեփականաշնորհման վեաբերյալ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության շրջանակում Կադաստրի կոմիտեից և «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից տեղեկություններ է պահանջել։
«Հետք»-ը դեկտեմբերի 23-ին ներկայացրել էր, թե ինչպես է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհել Երևանի Արամի 3 հասցեի անշարժ գույքը։ Սուքիասյաններին գույքը տրամադրվել էր, որպեսզի վերակառուցեին այն և օգտագործեին որպես հայ նկարիչների նկարների վաճառատուն և հիմնեին մշակույթի գործիչների ակումբ։ Վերակառուցումից հետո «Սիլ պլազա» անունը ստացած շենքում գործում են Սուքիասյանների ընկերությունների գրասենյակները և խանութ։
Մեկնաբանել