
Ամանորյա գույներ շուշեցի Գրիգորից
11-ամյա Գրիգոր Ղարաբեկյանը Շուշիից է։ Պատերազմից հետո ընտանիքով ապրում են Երևանում։ Շուշիում Գրիգորը հաճախել է երաժշտական դպրոց և նկարչության, հայրը՝ Նվերը, աշխատել է Շուշիի տիկնիկային թատրոնում և Նարեկացի արվեստի միությունում։
Երբ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին սկսվել է 44-օրյա պատերազմը, Գրիգորի հայրը կամավորագրվել է և մասնակցել մարտական գործողություններին, Գրիգորը մոր և քրոջ հետ տեղափոխվել է Երևան։
Պատերազմի հետևանքով Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ. Գրիգորի ընտանիքը, հարյուրավոր այլ ընտանիքների նման, կորցրել է տունը և ողջ ունեցվածքը։
Այս տարի՝ Նոր տարվան ընդառաջ, Գրիգորենց ընտանիքը որոշել է գունավորել իր առօրյան. սկսել են փոքրիկ ընտանեկան գործ․ պատրաստում են ամանորյա ձեռագործ խաղալիքներ և վաճառում են առցանց։
Գրիգորը նկարում է հոր կտրատած փայտե կտորների վրա, Արփին՝ 6-ամյա քույրը, օգնում է եղբորը, մայրը՝ Անին, հրապարակում է խաղալիքների նկարները և ընդունում պատվերներ, որոնք նաև Արցախից են լինում։
Հարցից, թե ինչ ես անելու աշխատանքից հավաքած գումարով, Գրիգորի աչքերը փայլում են․ «Որոշել եմ նորոգել տալ համակարգիչս և թութակ գնել․ սիրում եմ թութակների գույները, մտերմությունը։ Շուշիում երկու շուն ունեինք ու մեկ կատու, չկարողացանք մեզ հետ բերել, թութակին կարող եմ հետս տանել, ուր էլ գնանք»,- ասում է Գրիգորը։
Նա ուզում է նաև տեղափոխվել Ստեփանակերտ, որտեղ այժմ դասավանդում են Շուշիի իր ուսուցիչները և սովորում դասընկերների մեծ մասը։
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել