
Արցախում սահմանված կարանտինը երկարաձգվել է երեք ամսով
Արցախում սահմանված կարանտինը երկարաձգվել է երեք ամսով՝ սահմանափակումների որոշակի մեղմացմամբ։
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Արցախի ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի մարտի 24-ը:
Կառավարության որոշման և դրանից բխող՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել:
Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ կետերին՝
- Հանրապետությունում ուսումնական գործընթացը լիարժեք վերականգնվում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
- Հավաքների և այլ միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Միջոցառումների մասնակցության մասին համապատասխան դրույթներում հանվել է անձանց թվաքանակի սահմանափակումը:
- Հանվել է նաև աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
- Պատվաստումից հետո բժշկի ցուցումով անձը կարող է երկու օր մնալ տանը և չաշխատել:
- Հղի կանանց և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար:
- Ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները, որոնց պահպանման հանդեպ լրացուցիչ վերահսկողություն է իրականացվելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել