
«Վեոլիան» թանկացրեց ջուրը, էլեկտրակայաններ կառուցելու թույլտվություն ստացավ, կարևորագույն օբյեկտների պահպանությունն էլ հանձնեց կառավարությանը
Երեք տարի առաջ՝ 2018թ. դեկտեմբերի 12-ին, Կառավարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանրությանն իրազեկեց, որ 2019թ. նախատեսված խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025 թվական: Այդ համաձայնությունը ձեռք էր բերվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հանդիպման ժամանակ:
Հանդիպումը տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ իրավապահ մարմինները հայտարարեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում ֆինանսական չարաշահումների ու օրինախախտումների մասին: Հաղորդագրությունը տարածելուց 6 ամիս հետո՝ 2019թ.-ի հուլիսի 25-ին, կողմերը նոր համաձայնագիր կնքեցին, որով որոշակի փոփոխություններ կատարեցին վարձակալության պայմանագրում: Սակայն, թիվ 13 համաձայնագրում ջրի սակագնի բարձրացումը մինչև 2025 թվականը հետաձգելու պայմանավորվածությունը տեղ չգտավ։
Այս տարվա օգոստոս ամսին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն սակագինը վերանայելու հայտ ներկայացրեց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2021թ. նոյեմբերի 30-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման նոր սակագներ սահմանեց: Ըստ այդմ՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդները 2022թ. հունվար ամսից 1 խմ ջրի համար կվճարեն 200,47 դրամ:
Կառավարությունը սոցիալապես անապահով բաժանորդի սահմանումը տվել էր դեռևս 2016թ. նոյեմբերին կայացրած որոշումով: Սոցիալապես անապահով ընտանիքներ համարվեցին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 20 միավորից բարձր միավոր ունեցողները: ՀԾԿՀ-ին առաջարկվել էր բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները սահմանելիս սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի և էլեկտրական էներգիայի հնարավոր նվազ սակագին սահմանել:
2021թ. նոյեմբերի 18-ի №1880-Ն որոշումով Կառավարությունը նույն տրամաբանությամբ դրանց ավելացրեց նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները: Ինչպես էլեկտրական էներգիայի ու բնական գազի դեպքում, խմելաջրի համար նույնպես սոցիալապես անապահով խավի համար սակագնի տարբերությունը վճարում է, այսպես կոչված, «ապահով» խավը:
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից տեղեկացրին, որ հանրապետությունում անապահովության 20-ից բարձր միավոր ունի շուրջ 90 հազար ընտանիք: Այդքան ընտանիք օգտվում է էլեկտրական էներգիայի համար սահմանված արտոնությունից: Ջրի վարձավճարի համար արտոնություն ստացող ընտանիքների թիվը նույնը կլինի: Բնական գազի համար արտոնություն ստացողներն ավելի քիչ են՝ շուրջ 66 հազար ընտանիք։
Ի՞նչ ցուցանիշներ է հաշվի առել ՀԾԿ հանձնաժողովը ջրի սակագինը բարձրացնելիս
Ջրային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Կարեն Դաղբաշյանը «Հետք»-ին պատասխանել է, որ համաձայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքված վարձակալության պայմանագրի 6-րդ հավելվածի՝ մատակարարվող ջրի որակը հիմնական կատարողական ցուցանիշն է: Մատակարարվող ջրի նմուշառումն իրականացվում է օրական կտրվածքով: Միաժամանակ, ջրի որակի նմուշառում իրականացնում է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
«2021թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման ողջ տարածքներում իրականացվել են մանրէաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սանիտարական նորմերից և կանոնների պահանջներից շեղումներ և անհամապատասխանություններ չեն արձանագրվել»,- հայտնում է պրն Դաղբաշյանը:
2021թ.-ի ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքներում գտնվող համայնքներում ջրից թունավորումների դեպքեր գրանցվեցին։ Արմավիրի մարզի Խանջյան համայնքում բնակիչները ցիստեռնից են խմելու ջուրը գնում, որի արդյունքում թունավորվեց 31 մարդ: Սիսիան համայնքում զանգվածային թունավորման դեպք գրանցվեց այս տարվա ապրիլ ամսին: «Դա անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է: ՀՎԿԱԿ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է Սիսիան, վերցրել նմուշներ ջրի բոլոր կետերից, այժմ փորձաքննություն է իրականացվում»,- հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և այլն:
Ջրի կորուստների նվազեցման առնչությամբ Ջրային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Կարեն Դաղբաշյանը «Հետք»-ին պատասխանել է, որ չհաշվառվող ջուրն այս տարվա հոկտեմբեր ամսին կազմել է 65,8%: Իհարկե, կառավարման 5-րդ տարում 80% ջրակորուստը մոտ 14%-ով նվազեցնելը մեծ ցուցանիշ չէ, բայց անգամ սա կասկածելի ցուցանիշ է:
Ջրի սակագինը փոխելուց առաջ՝ 2021թ. նոյեմբերի 10-ին, «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև ստորագրվել է №24 համաձայնագիրը (կարծում ենք՝ 14 պետք է թվագրվեր, քանի որ վերջին համաձայնագիրը 13-ն էր -Ս. Պ.), որի հիման վրա փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։
Թիվ 24 համաձայնագրով նախ՝ ջրի կորուստը փոխարինվել է նոր տերմինով՝ «չհաշվառվող ջուր», և այդ հասկացությանը նոր սահմանում է տրվել. «Չհաշվառված թույլատրված սպառում, որի մեջ մտնում են ֆիզիկական և առևտրային կորուստները»: Համաձայնագրում նշել են, որ «չհաշվառված ջուր» բնորոշումը և ցուցանիշի հաշվարկման մեխանիզմն ամբողջովին և ճիշտ չեն արտացոլում վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջրի»-ի կողմից իրականացվող ծառայությունների շրջանակը: Կողմերը համաձայնել են «Միջազգային ջրային ասոցիացիայի» (IWA) կողմից առաջարկվող ջրի հաշվեկշռի մասնագիտական մեթոդաբանության համաձայն սահմանել Վարձակալության պայմանագրի 6-15 պայմանագրային տարիների «չհաշվառված ջուր» կատարողական ցուցանիշի կանխատեսումային մեծությունները:
Դեռևս 2019թ.-ին կնքված թիվ 13 համաձայնագրով 80% ջրակորուստը նվազեցնելու համար որոշվել էր ջրաչափեր տեղադրել բարձրահարկ շենքերի մուտքերին՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրի ծավալը չափելու համար: «Այն դեպքում, երբ մոնիտորինգը ցույց տա շենքերի մուտքագծերին չափված ջրի ծավալների եւ նշված շենքում բնակվող բաժանորդների համար գրանցված ջրաչափված ընդհանուր ծավալի միջեւ տարբերություն, կողմերը պետք է ուսումնասիրեն եւ գտնեն որեւէ հնարավոր լուծում չհաշվառված ջրի հաշվարկման մեթոդաբանության վրա դրա ազդեցությունը մեղմացնելու նպատակով»,- ասվում էր թիվ 13 համաձայնագրում:
«Հնարավոր լուծումը» կողմերն արդեն ամրագրել են նոր՝ 24 համաձայնագրում. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն և Ջրային կոմիտեն համաձայնել են, որ կնախաձեռնեն թիվ 13 համաձայնագրով նախատեսված՝ բազմաբնակարան շենքի ներքին ցանցերում ջրակորստի գնահատման գործընթացների շարունակումը և դրան համապատասխան գնահատված չհաշվառված ջրի ծավալները կամրագրվեն կողմերի միջև կնքվող համաձայնագրով՝ այդ չափով նվազեցնելով պայմանագրային տարվա համար հաշվարկված ընդհանուր ջրակորուստը (արտադրված և սպառված ջրաքանակների տարբերությունները):
Սա նշանակում է, որ ջրի կորուստը մոտ 14%-ով նվազել է ոչ թե «Վեոլիա ջրի» գործունեության բարելավման և ներդումների արդյունքում, այլ բազմաբնակարան շենքերում ի հայտ եկած արտադրված և սպառված ջրաքանակների տարբերությունն է, որն այլևս չի հաշվառվելու որպես «Վեոլիա ջրի» ջրակորուստ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը նոր արտոնություններ է ստացել Հայաստանի կառավարությունից
2021թ. նոյեմբերի 10-ին կողմերի միջև ստորագրված թիվ 24 համաձայնագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին թույլատրվել է իր սպասարկման տարածքում վարձակալած ջրային համակարգերի վրա կամ դրանց սանիտարական գոտիներում էլեկտրակայաններ կառուցել կամ շահագործել: «Վարձակալն իրավունք ունի սեփական կարիքների համար իրականացնելու էլեկտրական էներգիայի արտադրության գործունեություն»,- ասվում է համաձայնագրում: Ընկերությունը խոստանում է կառուցված էլեկտրակայանները վարձակալության ժամկետի ավարտից հետո սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի կառավարությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի:
Համաձայնագրում տեղ գտած մեկ այլ կետով Հայաստանի կառավարությունը համաձայնել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ֆինասավորվող կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը 2022թ.-ից իրականացվի պետական բյուջեի միջոցներով: Համաձայնագրում ասվում է, որ դրա արդյունքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն տարեկան կխնայի 400 մլն դրամ, որը «հնարավոր կլինի ուղղել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից 5 մլն դրամը գերազանցող՝ կապիտալ աշխատանքների իրականացմանը:
Հիշեցնենք, որ վարձակալության պայմանագրով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարտավորվել էր պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիր (ՊԿԱԾ) իրականացնել՝ տարեկան ներդնելով մինչև 2,7 մլրդ դրամ: 2019թ.-ի հուլիսի 25-ին կնքված N13 համաձայնագրով Հայաստանի կառավարությունը էական զիջումներ կատարեց՝ ընկերությանն ազատեց 2020-21 թթ.-ին պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ստանձնած տարեկան մինչեւ 2,7 մլրդ դրամի ներդրում կատարելու պարտավորությունից: Կառավարությունը ներդրումների մասով չեղյալ համարեց նաև 2018-21 թթ.-ի համար «Վեոլիա ջրի» կողմից տարեկան գործունեության համար հիմնական կատարողական ցուցանիշները (ՀԷՑ) չկատարելու դեպքում նախատեսվող տուժանքները: Ավելի քան 9 մլրդ 323 մլն դրամով նվազեցվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ստանձնած ներդրումների չափը:
Ստացվում է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, երկու տարի ազատված լինելով ՊԿԱԾ ծրագրով նախատեսված ներդրումներից, 2022թ.-ից էլ տարեկան առնվազն 400 մլն դրամ ոչ թե ընկերության եկամուտներից պետք է ներդնի կապիտալ աշխատանքներ իրականացնելու համար, ինչպես նախատեսված է վարձակալության պայմանագրով, այլ Հայաստանի պետական բյուջեի հատկացումից:
Մեկնաբանել