
Գնել Սանոսյանի՝ Սամվել Ալեքսանյանի օգտին ստորագրած հրամանը կկասեցվի
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրամաններից մեկը վիճարկող տնտեսվարողի հայցը և նշանակել նախնական դատական նիստ։
«Հետք»-ը նոյեմբերի 25-ին գրել էր, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սամվել Ալեքսանյանի և Նորագյուղցի Բոգոյի համար մրցույթ է չեղարկել։ Հրապարկման մեջ ներկայացրել էինք փաստեր, թե ինչպես է նախարարությունը խախտումներով չեղարկել Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղային ցանցի համար հայտարարված մրցույթը։
Մրցույթին երկու ընկերություն էր դիմել, որոնցից մեկը ներկայում ուղևորափոխադրում է իրականացնում Երևան-Արմավիր երթուղում։ Մյուս ընկերությունը փոխկապակցված է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի («Նորագյուղցի Բոգո») հետ։
Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։ ՍՊԸ-ն պահանջել է դատարանից, որպեսզի ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանը մասնակի անվավեր ճանաչի, «Գալակտիկա տրանս սերվիս»-ը մրցույթում հաղթող ճանաչի, և որպես հետևանք նոր մրցույթի կայացումը չեղարկի։ Հայցը մակագրվել է դատավոր Արմեն Ներսիսյանին, որն էլ դեկտեմբերի 8-ին վարույթ է ընդունել։ Հայցը վարույթ ընդունելու որոշման մեջ նշված է, որ պատասխանող կողմը՝ ՏԿԵ նախարարությունը, պետք է դատարանին ներկայացնի վիճարկվող «2221-Ա» հրամանն ընդունելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը: Այս գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2022 թ.-ի մարտի 2-ին։
Գնել Սանոսյանի նոյեմբերի 19-ին ստորագրած հրամանի 4-րդ կետում գրված է․ «Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման մրցույթում հաղթող չճանաչել և 2020 թ.-ի դեկտեմբերի 3-ի N 1994 Ն որոշման հավելվածի 46-րդ կետի պահանջներին համապատասխան հայտարարել նոր մրցույթ»։
Մինչ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հայցը վարույթ կընդունվեր, ՏԿԵ նախարարությունը նոր մրցույթ է հայտարարել Արմավիրի մարզի միասնական երթուղային ցանցի համար։
Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնել։
Օրենքի ուժով Գնել Սանոսյանի հրամանը Արմավիրի երթուղային ցանցի մրցույթը չեղարկելու և նոր մրցույթ հայտարարելու մասով պետք է կասեցվի, սակայն ՏԿԵ նախարարության կայքում այդ մասին որևէ նշում չկա։ Ավելին, նոր մրցույթի հայտարարությունը դեռ տեղադրված է նախարարության կայքում։
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նախարարությանն ի գիտություն է ներկայացրել վարչական դատարանի որոշումը, որով հայցը վարույթ է ընդունվել, և նախնական դատական նիստ է նշանակվել։ ՍՊԸ-ի ներկայացուցիչը նաև հարց է ուղղել նախարար Գնել Սանոսյանին՝ արդյո՞ք կասեցվել է վիճարկվող հրամանը։ Բացի այդ նաև պարզաբանում է խնդրել` արդյո՞ք նոր մրցույթի հայտարարությունը հանվել է նախարարության կայքից, և արդյո՞ք նոր մրցույթը տեղի է ունենալու։ Նախարարությունից դեռ պատասխան չեն ստացել։
Հիշեցնենք, որ ՏԿԵ նախարարության մրցութային հանձնաժողովը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին հաղթող չճանաչելու որոշումը բացատրել էր նրանով, որ ընկերությունը մրցույթի կարգով սահմանված դեպոզիտ գումարը չէր վճարել հենց ընկերության հաշվեհամարից, այլ վճարել էր ընկերության հիմնադիր-սեփականատիրոջ անունից։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը պնդել էր, որ որևէ օրենք չկա, որտեղ նշված է, որ դեպոզիտ գումարը պետք է վճարվեր ոչ թե սեփականատիրոջ, այլ հենց ընկերության անունից։ Իսկ եթե այդտեղ խնդիր կար, ապա մրցութային հանձնաժողովը պարտավոր էր իրենց ասել այդ մասին մինչև մրցույթի փաթեթների բացումը։
Մեկնաբանել