
ՄԻՊ-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հրապարակել է երեխաների իրավունքների վերաբերյալ ուսումնական ձեռնարկ
Ուսուցիչների համար Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է «Եկեք սովորենք երեխայի իրավունքները» ուղեցույցը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցության արդյունքում: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։
«Ուղեցույցը Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է որպես ուսումնական նյութ դպրոցներում օգտագործելու համար:
Երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների և այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին. այդ դեպքում երեխաները կկարողանան պատշաճ իրացնել իրենց իրավունքները, պաշտպանել այլ երեխաների իրավունքները և թույլ չտալ դրանց խախտումը, ինչպես նաև լինել իրավավիճակից ու սեփական վարքագծի նկատմամբ պատասխանատու քաղաքացիներ:
Ուղեցույցում ներկայացված են երեխաների իրավունքներին առնչվող հաճախ հանդիպող իրավիճակներ և հարց ու պատասխանի, քննարկումների միջոցով հնարավորություն է ստեղծված սովորել երեխաների իրավունքները, ինչպես նաև գտնել երեխաների լավագույն շահերից բխող լուծումներ կոնկրետ իրավիճակների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել