
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել ստորագրված փաստաթղթի հիման վրա
Հայկական զորքերը Սյունիքից նախորդ տարվա դեկտեմբերին հետ են քաշվել ստորագրված փաստաթղթի հիմքով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա հայտնեց, որ այս մեկ տարվա ընթացքում խաչաձև հարցումներ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, և ի վերջո զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից ստացել է հարցման պատասխան, որով պարզ է դարձել, որ Հայաստանի սուվերեն տարածքից զորքերի հետքաշումն ունի փաստաթղթային հիմնավորվածություն:
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում հայկական ստորաբաժանումները շուրջ 20 կմ հետ են քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա: Պատասխանն ամբողջությամբ չեմ կարող հրապարակել, ես պարտավորություն եմ ստորագրել՝ գաղտնիություն պարունակող փաստաթուղթ չհրապարակել»,- ասաց Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ այնուհետև գրավոր հարցմամբ է դիմել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որի պատասխանից պարզ է դարձել, որ 2020-ի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև ստորագրվել է երկկողմ փաստաթուղթ, որը գաղտնագրման ենթակա չէ, չի կարող տրամադրվել կամ հրապարակվել:
«Մեկ տարի շարունակ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, նաև պաշտպանական գերատեսչությունը Հայաստանից թաքուն են պահել, թե ինչի հիման վրա են Սյունիքում զորքերը հետ քաշվել: Եւ հիմա միայն՝ մեկ տարի անց, գլխավոր շտաբը եկավ փաստելու, որ իրականում փաստաթուղթ ստորագրվել է»,- ասաց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ բացի հանրությանը հայտնի փաստաթղթերից, այլ փաստաթուղթ գոյություն չունի, և միայն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ ի պատասխան Աննա Գրիգորյանի հարցին ասել էր, որ Սյունիքում զորքերը հետ են քաշվել իր հրամանով: Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացրել է պատերազմից խուսափելու համար:
Մեկնաբանել