
ՊՆ պարզաբանումը՝ «Եռաբլուր» պանթեոնի շիրմաքարերի կառուցապատման աշխատանքների վերաբերյալ
2020թ. արցախյան պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հուշահամալիրի, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի կառուցապատման աշխատանքները Պաշտպանության նախարարությունն իրականացնելու է երկու փուլով:
Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից:
Առաջին փուլով իրականացվում է գերեզմանների հատվածի կառուցապատումը, ներառյալ՝ հաստատված ձևաչափերով հուշաքարերի (տապանաքար, նկարաքար, ծաղկաման և խնկաման) տեղադրումը: Երկրորդ փուլով սպասվում է հուշահամալիրի տարածքի բարեկարգումը, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացումը, հուշարձան-կոթողի կառուցումը: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2022 թվականի առաջին կիսամյակում:
Առաջին փուլի աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ն շինարարական չորս՝ «Աբակ», «Ֆրստռեզերվ», «Մետալշին», «Գոռտիգ» ՍՊԸ-ների հետ կնքել է պայմանագրեր: Վերջիններս համաձայն նախագծային լուծումների՝ առանձնացված տեղամասերում իրականացնում են հողային, բետոնալցման, ինչպես նաև բազալտե հարթակի կառուցման աշխատանքներ:
Պայմանագրերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ բոլոր դեպքերում էլ աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգվել է:
ՊՆ-ից պարզաբանել են, որ զոհերի մի խումբ հարազատներ պարբերաբար ներկայացնում են զգալի հողային և բետոնացման չնախատեսված աշխատանքների պահանջներ, ինչի հետևանքով առաջացել են նախագծային և ծավալային շեղումներ, որոնք խոչընդոտներ են առաջացրել շինարարների ստանձնած պարտավորությունների կատարման համար:
Կառուցապատման աշխատանքների ավարտի վերջնաժամկետի խախտման պատճառ է նաև այն հանգամանքը, որ պանթեոնում շարունակվոմ են զոհվածների հիշատակին նվիրված միջոցառումներ, որի ժամանակ հնարավոր չէ շինաշխատանքեր կատարել:
«Բացի այդ թեև հուշաքարերը հատակագծվել են՝ քննարկելով դրանք զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ և համաձայնեցվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա Մխիթարյանի հետ, այնուամենայնիվ որոշ հարազատների կողմից պարբերաբար բարձրացվում են շիրմաքարերի քարատեսակի և ձևաչափի անհամաձայնության և դրանց վերանայման բազմաթիվ պահանջներ:
Արդյունքում ընդառաջելով զոհվածների հարազատների ցանկությունը, ինչպես նաև ուսումնասիրելով և ամփոփելով ներկայացված առաջարկները՝ որոշվել է նախապես հաստատված ձևաչափով քարատեսակները փոխարինել 6 տարբեր տեսակի շիրմաքարերի լրակազմով»,- նշված է հարցման պատասխանում:
Մեկնաբանել