
Ատեստավորումը ուսուցիչների համար կարող է պարտադիր դառնալ
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով հանրակրթության բովանդակության փոփոխություն է առաջարկվում: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` փոփոխությունները նպատակ ունեն ամրագրել հանրակրթության չափորոշիչային փոխոխությամբ սահմանված մոտեցումները: Փոփոխություններով առաջարկվում է անցնել համընդհանուր ներառական հանրակրթության հանրապետության բոլոր մարզերում և Երևանում մինչև 2023 թվականը:
Փոփոխություններով ուսուցիչների համար պարտադիր պայման է դառնում ատեստավորումը:
Տնօրենների գործառույթների դասակարգում է իրականացվում, ուսումնադաստիարակչական մասով ղեկավարումն իրականացնելու է ուսումնական մասի տնօրենը, իսկ վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը, որոնք նշանակվելու և ազատվելու են օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
ԱԺ կրթութայն, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, բովանդակային առումով կողմ են, սակայն կան որոշ խնդիրներ, որոնք դեռ պետք է քննարկվեն, այդ թվում` լսումների տեսքով: Ըստ Գաբրիելյանի` դա է պատճառը, որ նախագիծը հրատապ ռեժիմով երկու ընթերցմամբ չի քննարկվելու:
Գաբրիելյանն անդրադարձավ ընդդիմադիրների այն քննարկումներին, թե փոփոխություններով երկու տնօրեն է լինելու` կոչ անելով ցույց տալ, թե որտեղ է դա գրված: Նա մանրամասնեց` պարզապես փոփոխությունների արդյունքում տնօրենները ֆինանսական պարտավորություններից ազատվելու են և զբաղվելու են միայն ուսումնական հարցերով: Պատգամավորը վստահեցրեց` դեռ չի հանդիպել որևէ տնօրենի, որ այդ փոփոխություններից դժգոհ լինի, ըստ նրա` նրանք դեռ պետք է գոհ լինեն նման գլխացավանքներից ազատվելու համար:
Գաբրիելյանը վստահեցրեց` փոփոխության արդյունքում փաստացի մեկ տարի անց հնարավորություն կլինի ունենալ այնպիսի ուսուցիչներ, որոնց աշխատավարձը ոչ թե 10-20%-ով է բարձրացել, այլ` նույնիսկ կրկնապատկվել է:
Մեկնաբանել