
Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ ճանաչվեց, վերջինս ազատ արձակվեց ու դատարանի շենքից դուրս եկավ պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:
Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը նորամուծություն է արել ու ընթերցել դատական ակտի ոչ միայն եզրափակիչ, այլ նաև պատճառաբանական մասը: Թեև պաշտպանը դատական ակտի հիմնավորումների մասով տարակարծություններ ունի, նշեց, որ դատարանի որոշումը՝ եզրափակիչ մասով, արդարադատության դրսևորում էր:
Նշենք, որ Սամսոնյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով սահմանված արարք կատարելու կասկածանքով: Այս հոդվածը՝ ծանր վիրավորանքը, 2021-ի հուլիսին է լրացվել քրեական օրենսգրքում:
Սամսոնյանի ձերբակալվելուց հետո Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Սամսոնյանն առաջին անձն է, որն այս հոդվածով ձերբակալվել է:
Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Վերջինս հայտնել է, որ իր հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցվել «Ֆեյսբուքում»:
Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտենց, որ իր նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական ակնհայտ հետապնդում է, ինքը դատարանի կողմից նման որոշման չէր սպասում:
Նշենք, որ Սամսոնյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել դատավոր Դավիթ Արղամանյանը: Նա նոր է ընտրվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ հետախուզական միջոցառումների գործով մասնագիտացված դատարանի դատավոր: Արղամանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է:
Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 15-ին։
Մեկնաբանել