
Կառավարությունն առաջարկում է արգելել ինքնակամ կառույցների օրինականացումը
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկվում են նոր կարգավորումներ` ինքնակամ կառույցների բացառման համար: Փաթեթը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը: Փոխնախարարի խոսքով` փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը, դրանք ենթակա են լինելու քանդման` կառավարության սահմանած կարգով:
«Անձն իրավունք ունի քանդել իր սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, ինչ վերաբերում է ուրիշի հողամասում կառուցված ինքակամ կառույցի ապամոնտաժմանը, դա կարող է իրականացվել բացառապես դատական կարգով»,-ասաց փոխնախարարաը:
Ինչ վերաբերում է մինչ փաթեթի ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցներին, ապա դրանց նկատմամբ կիրառվելու են փաթեթի ուժի մեջ մտնելուց առաջ գործող կարգավորումները: Օրինականացման համար անհրաժեշտ է լինելու դրանք հաշվառել Կադաստրի պետական կոմիտեի բազայում:
Մինչ 2021-ի հունվարի 1-ը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառումը Երևան քաղաքում գտնվող գույքերի համար իրականացվելու է մինչեւ 2023-ի հունվար, մյուս քաղաքներում` 2024-ի հունվար, գյուղական համայնքների համար` 2025-ի հունվար: Իսկ 2021-ի հունվարի 1-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը պետք է իրականացվի կառավարության համապատասխան կարգի սահմանումից երկու ամսվա ընթացքում:
Փոխնախարարն ընդգծեց` փաթեթով նոր գործիքակազմ են ավելացնում, ըստ որի պետական ու համայնքային նշանակության հողատարածքներում կառուցված ինքնակամ կառույցների ապամոնտաժման որոշումը կայացնելու է համայնքի ղեկավարը, որը նաև ապահովելու է որոշման կատարումը:
Մեկնաբանել