
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի մասը մտադիր է Հայկ Մարությանին անվստահություն հայտնել
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի մասը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար ստորագրահավաք է սկսել, մյուս մասն այդ նախաձեռնությանը չի միացել։
Նշենք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու պահանջով հանդես եկող ավագանու անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, բոլորն անջատում են հեռախոսները: Մեզ հետ զրույցում Գայանե Վարդանյանն ասաց, որ ստորագրահավաքին չի միացել, մամուլից է իմացել ստորագրահավաքին միացած գործընկերների թիվը։
Նմանատիպ պատասխան տվեց նաև նույն խմբակցության ավագանու անդամ Ռուբեն Հայրապետյանը:
«Քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման ստորագրահավաքին չեմ միացել, այդ մասին իմացել եմ մամուլից»,- ասաց նա:
Հայրապետյանը հիշեցրեց, որ օրենքը հնարավորություն է ընձեռում ավագանու կազմի 1/3-ին անվստահության գործընթաց սկսել, համապատասխան ստորագրություն լինելու պարագայում նախագիծը քննարկել ավագանու նիստում:
«Բնական է, որ եթե նախաձեռնող խումբ 1/3-ից ավելի է, ապա ավագանու որոշ անդամներ կարող են դրա մասին չտեղեկանալ, իմանալ, երբ նախագիծը ներկայացվի ավագանու նիստին»- նշեց Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ մինչ այժմ չի մասնակցել որևէ քննարկման, ոտեղ գործընկերները Մարությանի պաշտոնանկության հարցն են քննարկել:
Ուշագրավ է, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակոմ եղավ, ըստ որի՝ Հայկ Մարությանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքեց՝ դեղին մամուլի ոճի հրապարակումները չի մեկնաբանում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել