
Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում ընդդիմությանը հանձնաժողովի այլ փոխնախագահ առաջադրել, այլապես այդ իրավունքը կանցնի ՔՊ-ին
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրեց: Նիստին ներկա էին միայն իշխանական պատգամավորները:
«Գիտեք, որ նախորդ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել և ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ տվյալ իրավասությունն անցնում է ամենամեծ գործակիցն ունեցող քաղաքական թիմին»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ չնայած քաղաքական մեծամասնությունն արդեն իրավասու է հանձնաժողովի փոխնախագահ առաջադրել, սակայն դեռ այդ քայլին չի գնա, քանի որ ցանկություն չունեն ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը ստանալ: Սակայն նա ընդգծեց՝ ակնկալում են, որ մեկ շաբաթվա ընթացում ընդդիմադիր երկու խմբակցութուններն իշխանության հետ կոնսենսուսով կներկայացնեն նոր թեկնածու:
«Հակառակ դեպքում ԱԺ կանոնակարգ օրենքը տալիս է հստակ իրավական լուծում․ իշխող խմբակցությունն ինքն է որոշելու, թե նախագահի տեղակալի թեկնածուն ով կարող է լինել»,- ասաց Քոչարյանը:
«Հայաստան» խմբակցության քատուղար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ դեռևս նոյեմբերի 30-ին երկու խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և արձանագրել, որ առաջադրված թեկնածուն ընդդիմության միասնական թեկնածուն է: Նա առաջարկեց հանձնաժողովի նախագահին մասնագիտական թիմ հավաքել և վելուծել օրենքի դրույթները:
«Եթե ցանկություն ունեն ստանալ այդ պաշտոնը, իրավական դաշտում համարժեք գնահատական կստանան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը մերժվում է, իշխանական խմբակցությունը մտադիր չէ նրա թեկնածությանը կողմ քվեարկել, ընդդիմությունն էլ ցանկություն չունի այլ թեկնածու առաջադրել:
Մեկնաբանել