
Վարդենիսում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր
Գեղարքունիքի մարզի բնակիչ Գ. Մ.-ի հաղորդման հիմքով նախապատրաստված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում 2021թ․ դեկտեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ:
Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, Գ. Մ.-ն հաղորդում է տվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների նախորդ օրը «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար իրեն առաջարկել են 60 000 դրամ կաշառք, որը մերժել է:
«Վերը նշված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է ևս մեկ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:
Ընտրակաշառք տալու փաստով Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Արա Իսրայելյանը, հանդիսանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Իջևանի երիտասարդական կառույցի ղեկավարը և որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված լինելով հիշյալ կուսակցության ցուցակում, հունիսի 20-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրություններին վերոնշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար Արման Էլլարյանին տվել է 51 300 դրամ գումարին համարժեք 100 ԱՄՆ դոլար կաշառք:
Ընտրողին կաշառք տալու համար Արա Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Արման Էլլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` ընտրակաշառք ստանալու համար:
Ա.Իսրայելյանի և Ա. Էլլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է կոմիտեի տարածծա հաղորրդագրությունում։
Մեկնաբանել