HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասում էր՝ ինչ հնարավոր է տեսնել, տեսել եմ». 24-ամյա բժիշկը զոհվել է վիրավորներ տեղափոխելիս

Բժշկական համալսարանում սովորելու տարիներին Գագիկը նաեւ նկարում էր: Դա նրա նախասիրություններից էր: Գագիկի զոհվելուց հետո հայրն ու եղբայրը նկարները շրջանակներով կախել են տան նախասրահում ու սենյակներում: Եղբայրը՝ Վահեն, ասում է, որ եթե եղբայրը ողջ լիներ, հաստատ թույլ չէր տա նկարները կախել: Իսկ հիմա դրանցում, կարծես, Գագիկի ժամանակն է շրջանակված՝ իմաստներով ու մտքերով:

Հյուրասենյակում ծանր լռություն է: Զրույցի ցանկացած նախաբան էլ երբեմն թույլ ու անիմաստ է թվում: Որդու մեծ լուսանկարը՝ երկու փունջ կարմիր ու դեղին ծաղիկներով, ծնողների ննջասենյակում է: Մի լուսանկար էլ փակցված է պատին՝ Վահեի հետ: Լուսանկարվել էին Քարվաճառում՝ հոր ծննդյան օրը: Վահեի ժպտացող աչքերում հիմա միայն մորմոք է: Գագիկից հետո հուշանկյուն կամ մեծ լուսանկար չեն դրել հյուրասենյակում: Հոր՝ Հայկ Մակարյանի տխրությունը խտանում է, ասում է՝ դա, կարծես, ուրիշներին ցույց տալու համար է: «Ինչ եղել է, մեզ է եղել»,- ասում է նա: Իսկ Գագիկն իր ամբողջ ժամանակով ու հուշերով նրանց ներկայում է:

Գագիկ Մակարյանը ծնվել է 1996 թ: Երկու եղբայրներից ավագն էր: Երբ 10-րդ դասարան էր, ընտանիքը Արտաշատից փոխադրվել էր Էջմիածին: Գագիկն անվճար ընդունվել էր Հերացու անվան բժշկական համալսարան: Տնեցիներն ասում են՝ օրուգիշեր կարդում էր, բացի մասնագիտական գրականությունից, գեղարվեստական գրքեր էր շատ կարդում: Համալսարանում գերազանցությամբ է սովորել: 2020-ի սեպտեմբերի 1-ին ինտերնատուրայից որպես բժիշկ սպա (լեյտենանտի կոչումով) Գագիկը զորակոչվել է ու վիճակահանության արդյունքում մեկնել Արալեռի հրետանային գունդ։

Պատերազմի սկսվելուց առաջ Գագիկը տնեցիներին ասել էր, որ անցել են ուժեղացված ծառայության: Հարազատները սեպտեմբերի 27-ի առավոտյան լուրերից էին իմացել պատերազմի մասին: Հայրն ասում է՝ սկզբից մտածում էին, թե մի ապրիլյան էլ դա է լինելու ու մի քանի օրից ավարտվելու է:

Գագիկն օրական մի քանի անգամ զանգում էր տուն, հանգստացնում տնեցիներին: Նրանց էլ թվում էր, թե նա ապահով տեղում բժշկի իր պարտականությունն է կատարում: Չգիտեին, որ բժիշկ լինելով, ռազմաճակատ էր գնում, վիրավորների ու զոհված տղաների մարմիններ տարհանում, հետո առաջին բուժօգնություն ցուցաբերում:

Վահեն պատմում է, որ առաջին օրերին եղբայրը ոչինչ չէր պատմում իրավիճակի մասին, բայց հետո արդեն չէր թաքցնում: Չնայած մարտական գործողությունների մասին չէր պատմում, Վահեին ասում էր, որ «վիճակը վատ է, զորքը հոգնած է, կոտորվում է»:

«Ասում էր՝ Վահե, ինչ հնարավոր է տեսնել, ստեղ տեսել եմ»,- հիշում է եղբայրը: Պատերազմի ընթացքում միայն մի օր է եղել, որ Գագիկը Վահեին ասել է՝ վիճակը, կարծես, լավ է․ այդ օրը, եղբոր պատմելով, Ջրականի ուղղությամբ ճեղքում էին արել եւ բավականին առաջ էին գնացել: Բայց հաջորդ զանգելուց եղբորն ասել էր, որ մոռանա այդ առաջխաղացման մասին, կրկին նահանջ է եղել: Դրանից հետո անընդհատ նահանջներ էին, ինչից Գագիկը շատ նեղվում էր:

Հայկ Մակարյանը նկատում է, որ Արալեռան հրետանու գունդը գրեթե մինչեւ Շուշի հասել էր՝ Շոշ գյուղի մոտ էին: «Եթե էդ հրետանային գունդն ուղարկեին Շուշի, էդտեղ էդ գյոռբագյոռը կաշխատեր, հրետանին կխփեր, չէր թողնի»,- ասում է նա:

«Մի անգամ պատմում էր, ասում էր՝ Վահե, հիմա կանգնած ենք, հրետանին մի 500 մետրի վրա է, սպասում ենք, կուտակում է լինում, հրետանին խփում է էդ հատվածում, բայց պետք է ավտոմատով պահենք էդ հատվածում, մարդ չկա, որ ավտոմատով կրակ պահի: Կամավորները գնացել էին մինչեւ 2-3-րդ շաբաթը, դրանից հետո կամավոր նորմալ չի գնացել, կամ էլ որ գնացել են, հետ հետ են դարձել: Իրենց զորքը հերթափոխ չեն արել: Մի անգամ շատ անտրամադիր էր, ասեց՝ անձնակազմից մեկը զոհվել է, ու տեղը կանգնող չկա: Նույնն էլ իր դեպքում էր՝ ինքը զոհվեց, ու էնպես չէր, որ իր տեղն ուրիշ բժիշկ էին ուղարկել»,- պատմում է եղբայրը: Հայրն ավելացնում է, որ «այդ ամեն ինչը կամավորների վրա պիտի չդրվեր, ո՞վ է տեսել, որ պատերազմը կամավորների վրա լինի»:

Վահեի հետ ինտերնատուրայից Արցախ զորակոչվել էր եւս 5 բժիշկ, բայց 6-ից 4-ը զոհվել են: Նրանց սպասարկում էր երկու «ՈւԱԶ» մեքենա: Երբ Գագիկը զանգում էր, ասում էր՝ իրենց վարորդի հեռախոսով է զանգում, հետո այդ մեքենան սպասարկում էր միայն իրեն: «Հիմա դուք ասեք՝ ո՞նց ա լինում, որ 6 հոգին երկու մեքենա ունեն, բայց մի մեքենան մենակ տղայիս է ծառայում, ո՞նց ա լինում: Բժիշկը որ զոհվի, պիտի շատ վիզ դնի»,- ասում է Հայկ Մակարյանը: Նրա խոսքով՝ ընդհանրապես ռազմաճակատից վիրավորին հանում է սանիտարը, ապա բուժակը տանում է բժշկի մոտ: Իսկ այդ ամբողջ շղթան արել է Գագիկը․ միայնակ վիրավորների է հանել, արդեն անշնչացած մարմիններ, թե՛ ճանապարհին, թե՛ տեղ հասնելուց բուժօգնութուն է ցուցաբերել: Մինչդեռ տնեցիները մտածում էին, որ Գագիկը մի ապահով տեղում նստած է, վիրավորներին տանում են, եւ նա օգնություն է ցուցաբերում։

Գագիկի հարազատները պատմում են, որ դեպքեր են եղել, երբ զինվորներն արյունաքամ են եղել օգնության բացակայության պատճառով: Ասում են, որ բացի ինտերնատուրայի 6 բժիշկներից, եղել է նաեւ 7-րդը, որը զինվորին թողել է արյունաքամ ու փախել է:

Նոյեմբերի 1-ին Մարտունու Խնուշինակ գյուղի մոտակայքում էին: Գագիկը գնացել էր վիրավոր բերելու, երբ ճանապարհին զանգել էին, հայտնել, որ ԱԱԾ զորքերից վիրավորներ կան: Նա արդեն հոսպիտալի ճանապարհին էր, բայց ճանապարհը թեքել էր՝ վարորդին ասելով, որ քշի դեպի նշված ուղղության: Մոտ 10-11 հոգու տեղավորել էր մեքենայի մեջ, ինքն էլ մեքենայի ներսում օգնություն էր ցուցաբերում, երբ անօդաչուն խփել է, բայց անմիջապես մեքենային չի դիպել: Ալիքը վարորդին դուրս է շպրտել, հետո մեքենան շրջվել է ու պայթել:

Ընտանիքը դեպքի մասին իմացել էր երկու օր անց՝ նոյեմբերի 3-ին: Երբ զանգել էին վարորդի՝ Կարենի ընկերներից մեկին, հրաժարվել էր խոսել: Վահեն ասում է՝ այդ ժամանակ հասկացել էին: «ՈւԱԶ»-ից ողջ են մնացել վարորդն ու երկու վիրավոր:

Պատերազմի օրերին Գագիկն օրագիր էր պահում: Եղբորն ասել էր, որ ամեն օրվա մասին գրել է, եւ երբ վերադառնա, կբերի, կկարդան: Օրագրությունը հեռախոսով էր անում, եւ այն պայթյունի ժամանակ մեքենայի մեջ էր:

Վահեն Գագիկին հաճախ երազներում է տեսնում: Ասում է՝ եթե ժամանակը հետ տային ու ինչ-որ բան կարողանար ասել եղբորը, կասեր, որ զգույշ մնա նոյեմբերի 1-ին: Սա մեր զրույցի ժամանակ միակ կետն է, երբ Վահեի աչքերը լցվում են, հետո արցունքի մի կաթիլ անշտապ իջնում է նրա այտով:

Գագիկ Մակարյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter