
«Պատերազմի ամենաթեժ օրերին նույնիսկ չէի պատկերացնի, որ կկորցնենք Քարին Տակը, Շուշին». Կարոտ Բաղրյան
Կարոտ Բաղրյանն աշխատում էր Արցախի Շուշիի շրջանի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։ 2020թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիում փրկարար աշխատանքներ կատարելու ընթացքում՝ հոկտեմբերի 28-ին, ԱԹՍ-ի հարվածից վիրավորվում է։ Ծառայության վերադառնում է պատերազմից հետո: Արցախի ԱԻՊԾ փրկարար ջոկատների հետ մասնակցում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում զոհվածների և անհետ կորածների որոնողական աշխատանքներին։
Հունվարի 13-ին որոնողական աշխատանքների ջոկատի հերթական ուղղությունն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղն էր:
Կարոտ Բաղրյանը ծնվել է Քարին Տակ գյուղում, ժամկետային զինծառայությունից հետո ընդունվել է Շուշիի շրջանի ԱԻՊԾ՝ որպես փրկարար։
Ամուսնանում է, տեղափոխվում է Շուշի: 2020թ.-ի օգոստոսի 13-ին ծնվում է Կարոտի և Էլինայի առաջնեկը՝ Հովհաննեսը։ Մինչև երեխայի քառասունքը, ապրում են Քարին Տակում: Սեպտեմբերի 25-ին տեղափոխվում են Շուշի, երկու օր հետո սկսվում է պատերազմը: Կարոտի կինը երեխայի հետ տեղափոխվում են Հայաստան:
«Պատերազմի օրերին հերթական պայթունի հետևից գնալուց Շուշի, Ստեփանակերտ կամ Հադրութ, փրկարարական աշխատանքների արանքում հաճախ մտածում էի՝ տեսնես նորից կտեսնե՞մ որդուս, ընտանիքիս»,-հիշում է Կարոտը:
Հոկտեմբերի 28-ին՝ հերթական կանչից վերադառնալիս, Շուշիում ԱԹՍ-ի հարվածից վիրավորվում է երեք փրկարար, որոնցից մեկը Կարոտն էր:
Զինադադարից հետո (նոյեմբերի 9)՝ դեկտեմբերին, դեռ ոչ լրիվ կազդուրված Կարոտը միացել է պատերազմից հետո զոհվածների և անհետ կորածների Արցախի փրկարար որոնողական ջոկատներին:
«Գիտեի, որ Արցախում, պատերազմից հետո փրկարարների պակաս շատ կա, գործը շատ ա, մարդիկ՝ ինչ-ինչ պատճառներով քիչ, չեն հասցնում: Քանի որ առողջական խնդիրներ ունեի, որոշեցի թեկուզ որպես վարորդ միանալ փրկարար ջոկատներին»,- ասում է Կարոտը:
Հունվարի 13-ին որոնողական աշխատանքների ջոկատի հերթական ուղղությունը Քարին Տակն էր՝ Կարոտի ծննդավայրը։ Այդ օրը փրկարարները դուրս բերեցին Ալվարդ Թովմասյանի աճյունը: Կարոտը կարողանում է մի քանի րոպեով մտնել հարազատ տուն:
«Պատերազմի ամենաթեժ օրերին նույնիսկ չէի պատկերացնի, որ կկորցնենք Քարին Տակը, Շուշին, որ իմ գյուղ կկարողանամ մտնել ուրիշի հսկողությամբ միայն, այն էլ՝ մի քանի րոպեով»,- ասում է Կարոտը՝ վերջին անգամ գյուղը տեսած օրվա հուշերը պատմելով:
Երեք ամիս Արցախում փրկարար-որոնողական աշխատանքներին մասնակցելուց հետո, Կարոտը դուրս է գալիս Արցախի ԱԻՊԾ-ից՝ առողջական խնդիրների պատճառով: Այժմ ապրում է Հայաստանում՝ Արարատի մարզի Արևշատ գյուղում, կնոջ, երեխայի և պապ ու տատի՝ Ստելա և Հենրիկ Բաղրյանների հետ:
Մեկնաբանել