
Մհեր Գրիգորյանն անդրադարձավ ճանապարհների ապաշրջափակման հարցին
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներ են իրականացնում բացառապես երկրների իրավազորության ու ինքնիշխանության շրջանակներում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներով ու որոնց շուրջ մենք իրականացնում ենք քննարկում, լինելու են տվյալ երկրի իրավազորության ներքո ու ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին»,-ասաց նա:
Ըստ Մհեր Գրիգորյանի` երկաթգծի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ կան, որովհետև բանակցությունները Երասխից մինչ Հորադիս հատվածին են վերաբերվում:
«Այդ հատվածը ոչ միայն ինքնուրույն հատված է, այլ նաև հնարավորություն` Երասխից կապ ստանալ Իրանի հետ։ Նաև մի օղակ է, որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ»,-ասաց Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետի ներկայացմամբ` այս փուլում Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ մեկ տեխնիկական լուծում գտնեն ու համաձայնեցնեն:
«Ու այդ պարագայում այն հիմնական խաղաղության մանդատը, որի մասին խոսում ենք, մենք այդ մանդատը կստանանք, որովհետև այդ ենթակառուցվածքի աշխատանքում շահագրգռված կլինեն տարածաշրջանի բոլոր երկրները»,-ասաց նա:
Մհեր Գրիգորյանն ընդգծեց` ապաշրջափակման գործընթացն իրենից ենթադրում է տնտեսական կապերի ապաշրջափակում, ու պետք չէ այն կապել սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հետ:
Մեկնաբանել