
Փաշինյանը «Հայաստան» խմբակցությանը մեղադրեց Ադրբեջանի շահերը ներկայացնելու մեջ
Խորհրդարանում շարունակվում է Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց բանակցային գործընթացում բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու և գաղտնի պահելու մեջ:
Ըստ Ռուստամյանի` գործող կառավարության օրոք բանակցային գործընթաց է ներմուծվել բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու և դրանք գաղտնի պահելու գործելաոճ:
«Խոսքը բնավ բանակցային գործընթացի գաղտնիության մասին չէ, այլ ամենաբարձր մակարդակով քննարկումների արդյունքում ձեռք բերված թեկուզ և բանավոր պայմանավորվածությունների մասին է, մանավանդ, որ դրանք հիմնականում կորստաբեր նշանակություն են ունենում մեր երկրի համար»,- ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` գործող կառավարությունը բանավոր պայմանավորվածություններ չի իրագործել:
«Իմիջիայլոց ասեմ, որ այդ նարատիվը, թե կան ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, դրանից ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»,-ասաց Փաշինյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցադրման ժամանակ էլ Փաշինյանը մեղադրեց խորհրդարանական երկրորդ խմբակցությանը Ադրբեջանի շահերը պաշտպանելու մեջ:
«Ես ուզում եմ իմանալ, թե Դուք ո՞վ եք ու ո՞ւմ եք ներկայացնում այս դահլիճում, երբ որ խոսում եք ադրբեջանական տերմինաբանությամբ,- ասաց Նիկոլ Փաշինյանը` վտահություն հայտնելով, թե վերջինս Ադրբեջանի Հանրապետության շահերն է ներկայացնում:
«Ինձ համար միշտ էլ հստակ է եղել, որ, այո՛, Հայաստանում կան ազդեցության ցանցեր, ու հիմա մենք բոլորս ուղիղ եթերում տեսանք այդպիսի ցանցերից մեկի գործունեության արտահայտությունը, ես սրանում չեմ կասկածում: Դուք Ազգային ժողովի դահլիճում ադրբեջանական նարատիվ տարածողն եք, ու ես սա ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք»,-ասաց վարչապետը: Ըստ նրա` «Հայաստան» խմբակցության առաքելությունը Հայաստանում օտար քաղաքական նարատիվներ զարգացնելն է:
«Ես խորհուդ եմ տալիս Ձեզ դատի տալ, ու մենք առիթ կունենանք դա ապացուցելու»,- ասաց նա:
Նշենք՝ Ղազինյանը հետաքրքրվում էր, որ եթե ճնշումները հասնեն այն աստիճանի, որ այլևս հնարավոր չլինի բանակցություններով «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը կարգավորել և պատերազմի սպառնալիք լինի, արդյոք պատրաստ է Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել