
Նիկոլ Փաշինյան․ «Ես այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել գերիների դիմաց»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ պատրաստ է որդուն փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ: Այս մասին Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պատրաստ էր փոխանակել որդուն գերիների հետ, իսկ այժմ իշխանության ներկայացուցիչները մեղադրում են վերջիններիս դասալքության մեջ ու խոսում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Պատգամավորը հարցրեց, թե ի վերջո ո՞րն է նրա վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ:
«Ես այսօր էլ եմ պատրաստ որդուս հանձնել գերիների դիմաց և նախընտրական քարոզարշավի ընթացքում դիմել եմ ձեր քաղաքական ուժերին այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերելու համար, հիմա էլ եմ առաջարկում: Քանի որ պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով դիմել ենք ադրբեջանական կողմին, բայց, ցավոք, ադրբեջանական կողմից արձագանք չի եղել»,- ասաց Փաշինյանը: Նա հայտարարեց, որ բազմիցս անդրադարձել է այդ հարցին ու պարզաբանումներ ներկայացրել, ապա ընդգծեց` գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է հետաքննվի:
«Ի՞նչն է էդտեղ զարմանալի, ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, կլինեն գերեվարման դեպքեր, որոնք քրեաիրավական հետևանքներ կունենան, և կլինեն գերեվարման դեպքեր, որ նման հետևանքներ չեն ունենա»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ զինծառայողները որոշակի իրավունքներ ու պարտականություններ ունեն, որոնց թվում զենքի պահպանությունն է, զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում:
Փաշինյանը վստահեցրեց, որ յուրաքանյուր օր աշխատանք են տանում գերիների վերադարձի հարցով, հարազատների հետ պարբերաբար հանդիպում են, սակայն դա չի նշանակում, որ նրանց վերադարձից հետո հետաքննություն չի լինելու:
«Իսկ Դուք Ձեր պարտականությունները գիտե՞ք, որ մեղադրում եք 18 տարեկաններին վախենալու, կողմնորոշվել չկարողանալու մեջ: Նոյեմբերի 9-ից հետո Դուք որտե՞ղ էիք, կողմնորոշվե՞լ էիք»,- հարցրեց Էլինար Վարդանյանը:
Փաշինյանն արձագանքեց` իր պաշտոնավարման դիրքերում է եղել, իր ենթակայության տակ գտնվող ինստիտուտներում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել