
Փաշինյանն ասում է՝ Հին Թաղերի և Խծաբերդի քրեական գործով բարձրաստիճան պաշտոնյա է անցնում
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերին և զինծառայողների գերեվարմանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու այդ գյուղերը չվերադարձվեցին, արդյոք այդ հարցը ՀՀ օրակարգու՞մ է, թե՞ ոչ:
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` քրեական գործ է հարուցված, սակայն գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին չի հաջողվել կալանավորել, դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը:
Աբրահամյանն արձագանքեց` այդ դեպքերից մեկ տարի անց, կարծես թե, փորձ է արվում պատասխանատվությունը բարդել մի քանի զինվորականի վրա, որոնք այնքան էլ մեծ դերակատարություն չեն ունեցել: Փաշինյանը հակադարձեց` այդ թեման բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող է:
«Շատ հարցեր կան, որ կուզենայի բարձրաձայնել, բայց չեմ կարող բազմաթիվ պատճառներով: Թեման առնչվում է շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու որևէ ցանկություն չունեմ, երբևէ չեմ ունեցել: Ոչինչ գաղտնի չի մնա, բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կստանան իրենց պատասխանները»,- ասաց Փաշինյանը:
Մեկնաբանել