
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք
Արցախում դեկտեմբերի 7-ին կատարվել է կորոնավիրուսի 541 թեստավորում, որի արդյունքում հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Արձանագրվել է մահվան 1 դեպք՝ 56-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։ Նրա մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 137 քաղաքացու հետազոտություն, որից 4328-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին։
Մեկնաբանել