
Ս. Օհանյան. «Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել՝ ճիշտ ճանապարհին է»
Ազգային ժողովի հերթական նիստը մեկնարկեց նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքին անդրադարձով: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ դաշնակցական երեք պատգամավորի օգնականներին հրավիրել են սուրճ խմելու և փորձել հաշիվ մաքրել երկու տասնյակ ՔՊ-ականներով: Ըստ Օհանյանի` անվտանգության աշխատակիցները միջադեպի ժամանակ կրավորական կեցվածք են դրսևորել:
«Սա հուշում է, որ խուլիգանությունը եղել է ծրագրավորված: Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել՝ ճիշտ ճանապարհին է, իսկ եթե ուզում են գերիների մասին խայտառակ հայտարարություններից, Սյունիքի միջանցքի թեմայից հանրության ուշադրությունը շեղել, դա իրենց չի հաջողվելու, սպասում ենք իշխանության արձագանքին, այս դեպքը չի մոռացվելու»,- ասաց Օհանյանը:
Նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ անդրադարձավ գերիների և անհետ կորածների հարազատների բողոքի ակցիաներին` կոչ անելով հարցուպատասխանից հետո վերջիններիս հրավիրել նիստերի դահլիճ և քննարկում կազմակերպել գործադիրի անդամների մասնակցությամբ:
Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաև իշխանական այլ պատգամավորներ այս թեմաներին չանդրադարձան:
Մեկնաբանել