
Մաշտոցի պուրակը եւ թթվածնի ծորակը
Նախագահն այցելեց Մաշտոցի պուրակ եւ քաղաքապետին ասաց, որ սխալ է այստեղ կրպակներ կառուցել, «սա այդքան էլ գեղեցիկ չէ»: Փաստորեն, Հայաստանում պետական մարմիններում մինչեւ նախագահ չկար մեկը, որ որոշում կայացներ եւ մերժեր երկու օլիգարխների կրպակների կառուցումը: Եթե այսպես շարունակվի, այս նույն պետական մարմիններում վարորդներին էլ աշխատանքի ընդունելուց նախագահի թույլտվությունն է անհրաժեշտ լինելու: Իսկ գուցե պաշտոնյաներն իրենց թոքերը սնուցող թթվածնի ճամփի վրա՞ էլ ծորակ դնեն ու հանձնեն նախագահին: Թող նա բացի ու փակի պաշտոնյաների թթվածնի ծորակը:
Տարոն Մարգարյանն այդպես էլ չկարողացավ ինքնուրույն որոշում կայացնել, իսկ նրա համար դա անչափ դյուրին էր:
«Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում` քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր աչքը շոյել, իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երեւանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ` օրինական ճանապարհով»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Վերջին երկու ամիսներին Մաշտոցի այգու կրպակների համար իշխանությունը «ոչնչացրեց» բազում կառույցներ` ոստիկանություն, դատական համակարգ, քաղաքապետարան, կառավարություն, եւ այս ամենը մի բանի համար, որ նախագահը ընտրություններից մի քանի օր առաջ գա ու Տարոնին ասի «բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք»:
Հիմա էլ Տարոն Մարգարյանը պետք է ձեւը գտնի, այսինքն` փախհատուցում տա կրպակատերերին: Եվ եթե Տարոն Մարգարյանը հանկարծ որոշի փոխհատուցել, ապա այդ գումարները պետք է վերցնել Աբովյան փողոցի մայթերի վրա կրպակներ տեղադրելու որոշում կայացրած քաղաքապետից:
Իսկ նախագահը պետք է իմանար նաեւ, որ Աբովյան փողոցի կրպակները մայթերին կառուցվել են ապօրինի: Նախագահը մինչեւ ընտրությունները պետք է վերցնի այդ կրպակատերերի հետ կնքված պայմանագրերը, եթե իհարկե դրանք պահպանվում են, եւ կտեսնի, որ այդ կրպակատերերը պետությանը դեռ վճարելիք գումարներ ունեն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել