
Եղեգնաձորում հաղթել է «Դավիթ Հարությունյան» դաշինքը, Ջերմուկում և Վայքում՝ «Քաղաքացիական պայմանագիրը»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ ամփոփել է դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Վայոց Ձորի մարզի երեք խոշորացված համայնքում նույնպես ավագանի են ընտրել։ Եղեգնաձոր խոշորացված համայնքում հաղթել է «Դավիթ Հարությունյան» դաշինքը, իսկ Ջերմուկ և Վայք համայնքներում՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Եղեգնաձոր խոշորացված համայնքում, որի մեջ մտնում են մարզկենտրոն Եղեգնաձորը, Գետափ, Գլաձոր, Մալիշկա և Վերնաշեն գյուղերը, ընտրապայքարին մասնակցում էր 5 քաղաքական ուժ։
Եղեգնաձորում ընտրողների ընդհանուր թիվը 14 521 էր։ Նրանցից ընտրությանը մասնակցել է 7067-ը կամ 48,66 %-ը։
Քվեարկության մասնակիցներից 4399-ը կամ 62,24 %-ը իրենց ձայնը տվել է 2012 թվականից Եղեգնաձորի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հարությունյանի գլխավորած համանուն դաշինքին։ Այդ դաշինքը ձևավորվել էր «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների միավորումից, ցուցակում կային նաև անկուսակցականներ։ Դավիթ Հարությունյանը ԲՀԿ-ական է։
1747 ձայն կամ 24,72 % ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Եղեգնաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը։
Անցողիկ 4-տոկոսանոց շեմը հաղթահարել է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 322 քվե կամ 4,56%: «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել է 259 (3,66 %), իսկ Հայ կառուցողական կուսակցության օգտին 193 քաղաքացի (2,73 %)։ Անվավեր է ճանաչվել 137 քվեաթերթրիկ։
Ջերմուկ խոշորացված համայնքի կազմում ներառված են համանուն քաղաքը, ինչպես նաև Գնդեվազ և Կեչուտ գյուղերը։ Այստեղ նույնպես դեկտեմբերի 5-ին ավագանի են ընտրել։
Ընտրելու իրավունք ուներ 5867 քաղաքացի, սակայն քվեարկությանը մասնակցել է 2969-ը կամ 50,6 %-ը։
Ավագանու ընտրություններին առաջադրվել էր երեք կուսակցություն, բացահայտ առավելությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», որը ստացել է 2544 ձայն կամ 85,68 %: ՔՊ-ի ցուցակը Ջերմուկում գլխավորում էր Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը։
Անցողիկ շեմը հաղթահարել է նաև «Մեր համայնքը» կուսակցությունը, որը ստացել է 236 քվե կամ 7,94%: «Ապրելու երկիր» կուսակցությունը թեպետ իր ստացած 118 ձայնով կամ 3,97 %-ով անցողիկ շեմը չի հաղթահարել, սակայն որպես երրորդ ուժ նույնպես ներկայացուցիչ կունենա ավագանու կազմում։ 72 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։
Ի տարբերություն նախորդ երկու համայնքի, Վայք խոշորացված համայնքում ընտրությունները բավական մրցակցային են եղել։ Այստեղ ընտրապայքարին մասնակցել է 4 կուսակցություն։
Վայք խոշորացված համայնքի կազմում են Վայք քաղաքը, Ազատեկ, Արին, Արտավան, Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, Կարմրաշեն, Հերհեր, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս և Փոռ գյուղերը։ Սա Վայոց Ձորի մարզում համայնքային ամենամեծ փունջն է։
Վայք խոշորացված համայնքում ընտրողների թիվը 9247 էր, նրանցից քվեարկությանը մասնակցել է 6267-ը կամ 67,77 %-ը։
Քվեարկության մասնակիցներից 2257-ը կամ 36,01 %-ը իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Վայքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանը։ «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 1967 քվե կամ 31,33 %: Այս կուսակցության համայնքապետի թեկնածուն «Էկո Բիլդինգ» ՍՊԸ տնօրեն Կառլեն Մինասյանն էր։
Վայքի ավագանու կազմում կլինի նաև մյուս երկու քաղաքական ուժը։ «Ազատական կուսակցության օգտին քվեարկել է 1080 (17,23 %), իսկ «Հայրենիք» կուսակցության օգտին 861 քաղաքացի (13,73 %)։ Անվավեր է ճանաչվել 102 քվեաթերթիկ։
Ինչպես տեսանք, Վայքում կուսակցություններից և ոչ մեկը բացահայտ մեծամասնություն չի կազմել, ուստի ավագանի ձևավորելու համար անհրաժեշտ է կոալիցիա ձևավորել։
Մեկնաբանել