
Կոտայքում արձանագրվել է ընտրական 12 առերևույթ հանցագործության դեպք․ 9-ով նյութեր են նախապատրաստվում
2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀԿոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներում:
Ինչպես հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը, նշված համայնքների ընտրությունների առնչությամբ ժամը 20.00-ի տվյալներով՝ իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում-ահազանգ: Բոլոր դեպքերը վերաբերել են քվեարկության գործընթացին, դրանցից 3-ը գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 8-ը՝ հաղորդումներ, որոնք տրվել են ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում բացարձակ մեծամասնությունը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցում կատարված և մշտադիտարկմամբ վեր հանված գրառում օգտատիրոջ կողմից:
Ստացված 12 հաղորդում-ահազանգերից, ԶԼՄ հրապարակումներից՝
- 1-ը վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն,
- 3-ը՝ Աբովյան և Հրազդան խոշորացված համայքններում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
- 1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում վարչական ռեսուրսների օգտագործմանը,
- 6-ը՝ Աբովյան, Հրազդան խոշորացված համայնքում, տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
- 1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում տեղամասային կենտրոնին հարակից հատվածում բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելուն:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 3 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:
Դատախազության փոխանցմամբ՝ հաղորդումներից 9-ի դեպքում մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության բաժիններում և քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեդատավարական կարգով սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց՝ բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:
Ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ ստուգողական գործողությունները բոլոր դեպքերով ընթացքի մեջ են:
Մեկնաբանել