
13 ժամ` ցուրտ ընտրատեղամասում
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրի ընտրատեղամասերից մեկը մշակույթի տան շենքում է, ավելի ճիշտ` մշակույթի տան նախասրահում: Այստեղ ընտրության եկած քաղաքացիները դուռը պարբերաբար բացում էին ու սառն օդը ներթափանցում էր առանց այն էլ ցուրտ սենյակ:
Այսօր առավոտից այս ընտրատեղամասը նորմալ չի ջեռուցվում, և հանձնաժողովի անդամները ստիպված են ցրտի պայմաններում աշխատել:
Ընտրատեղամասում մի քանի տաքացուցիչ կա, որոնք առավոտյան աշխատանքը սկսելիս միացրել են, սակայն հոսանքը, ծանրաբեռնվածությանը չդիմանալով, անջատվել է: Հետո հանձնաժողովի անդամներն ու ներսում գտնվող մյուս անձինք ստիպված են եղել տաքացուցիչները պարբերաբար անջատելով աշխատել:
Ընտրատեղամասում գտնվող անձինք պարբերաբար դժգոհում են, բայց այլ տարբերակ չունեն, քան ցրտին համակերպվելը:
Ընտրատեղամասերում պատշաճ պայմանները սովորաբար ապահովում է տվյալ բնակավայրի ղեկավարությունը։
Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանն ասաց, որ իրենց չի հաջողվել ապահովել պատշաճ պայմաններ, ընտրատեղամասում վառարան տեղադրելու հնարավորություն չկա, ջեռուցման այլ տարբերակ` ևս:
Շուրջ մեկուկես ժամ առաջ ընտրատեղամասը փակվել է: Հաշվարկը սկսելու համար ներսում գտնվող անձինք սեղանները միացրել են իրար, սեղանի տակ տեղադրել մեկ-երկու տաքացուցիչ, ծածկվել հաստ ծածկոցով:
Նշենք, որ այս՝ 37/16 ընտրատեղամասում ընտրողների թիվը 1340 է, քվեարկությանը մասնակցել է 690 ընտրող:
Մեկնաբանել