
Բագրատաշենում ընտրողների հոսքը մեծ չէ
Նոյեմբերյանի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը պասիվ է: Տարածքային հանձնաժողովի անդամ Վարդան Ազատյանն, ով այցելել էր Բագրատաշենի թիվ 37/16 ընտրատեղամաս, «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 7338 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 30,41 %-ը:
Ընտրատեղամասում լուրջ խախտումներ չեն արձանագրվել, երկու դեպք է եղել, երբ տեխնիկական սարքը ազդանշան է տվել, որը նշանակում է, որ նույն անձը երկրորդ անգամ է ընտրատեղամասում փորձում քվեարկել, սակայն պարզվել է, որ դա եղել է անփութության հետևանք: Ամեն դեպքում այս մասին արձանագրություն է կազմվել և ոստիկաններին տեղյակ պահվել:
Նշենք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Հաղթանակ բնակավայրում: Այստեղ գտնվող 37/10 ընտրատեղամասը դպրոցի տարածք է: «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձ Սուրեն Անանյանը դպրոցի դարպասներից ներս տեսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի երկրորդ համար Արայիկ Պարանյանին և Տավուշի մարզպետին:
Երբ վստահված անձը սկսել է ուղիղ եթերում նկարահանել այս ամենը, հավաքված անձինք փոքր-ինչ հեռացել են ընտրատեղամասից ու կանգնել դարպասներից դուրս: Ըստ էության՝ ընտրատեղամասից օրենքով սահմանված հեռավորությունն արդեն պահպանվել է, սակայն խնդիրն այն է, որ դպրոցը, այսինքն` նաև ընտրատեղամասը, մեկ մուտք ունի, և ստացվում է, որ թեև թեկնածուն ընտրատեղամասից սահմանված հեռավորության վրա է գտնվել՝ քաղաքացիները, որոնք գնում են ընտրության, չեն կարող խուսափել վերը նշված անձանց հանդիպելուց:
Վարդան Ազատյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածի մասին տեղյակ է, բայց ընտրատեղամասից դուրս տեղի ունեցող իրադարձությունների համար ոստիկաններն են պատասխանատու:
Մեկնաբանել