
Կուտակումներ Հրազդանի 26/24 ընտրատեղամասում
Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 26/24 ընտրատեղամասում պարբերաբար կուտակումներ են լինում։ Ըստ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Գյուրջյանի՝ իրավիճակը վերահսկելի է, բայց ներսում գտնվող ընտրողների թիվը գերազանցում է թույլատրելի 15-ը։ Կուտակումների պատճառով աղմուկ է ստեղծվում։
Ընտրողներից 84-ամյա Ամալյա Կուրեղյանը թոռան հետ էր եկել ընտրատեղամաս։ Տարեց կինը նշեց, որ օգնության կարիք ունի, իսկ քանի որ թոռն անչափահաս է, նրան պետք է օգնի մեկ այլ մարդ։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Գյուրջյանն առաջարկեց ընտրողներից մեկի օգնությունը։
«Հեսա վերջացնի, գա ձեզ օգնի»,- ասում է նախագահը։
Մինչ այդ, մենք զրուցում էինք։ Ամալյա Կուրեղյանը միայնակ է բնակվում։ Նրան ուղեկցողը աղջկա դուստրն է։
«Ընտրությունից հետո էլի ինձ չեն հիշի, որ պետք եմ, հիշում են»,- ասում է կինը։
«Ո՞վ չի հիշի»,- փորձում եմ հասկանալ։
«Դե թեկուզ թաղապետարանը, թեկուզ իրանք»,- ավելացնում է նա ու ձեռքով ցույց տալիս հանձնաժողովի անդամներին։
Շուտով մի կին է մեզ մոտենում, բռնում Ամալյա Կուրեղյանի ձեռքն ու նրան ուղեկցում, որպեսզի վերջինս կատարի իր ընտրությունը։
Քվեախցի մոտ կնոջ փոխարեն ամեն բան անում է օգնողը, Ամալյա Կուրեղյանը ոչինչ չի խոսում, անգամ չի նայում քվեախցից ներս։
Քվեախցիկից դուրս գալուց հետո հարցնում եմ՝ կատարե՞ց իր ընտրությունը։ Ասում է՝ ում պետք էր՝ ընտրեցի։
Մեկնաբանել