
Մարտունու ավագանու ընտրություններում պայքարում է 6 կուսակցություն
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Համամասնական ընտրակարգով համայնքների ղեկավարման մարմիններ են ընտրելու Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի 36 համայնքի բնակիչներ։ Միևնույն ժամանակ Արագածոտնի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվելու են մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Ըստ օրենքի, համամասնական կարգով ընտրում են 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում, մեծամասնական՝ 4000-ից քիչ բնակչություն ունեցող համայնքներում։ Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում քաղաքացիներն ընտրելու են ավագանի, որն էլ համայնքի ղեկավար է նշանակելու։
Գեղարքունիքի համայնքները 4-ն են՝ Մարտունին, Գավառը, Սևանը և Վարդենիսը։ Մարզում ընտրելու իրավունք ունի 164088 քաղաքացի։
Մարտունիում գրանցված թեկնածուներն ամենաշատն են մարզում՝ 6-ը։ Դրանք են՝ «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Արդար Հայաստան»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Ընտրատեղամասերի ընդհանուր քանակը 41 է։
«Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը գլխավորում է Մարտունու ԲԿ բժիշկ-անեսթեզիոլոգ Սեդրակ Սահակյանը։ Նա «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ է։
«Ապրելու երկիր» կուսակցությունը գլխավորում է «Էյ Էմ շին» ՍՊԸ տնօրեն Արամ Մանուկյանը։
«Արդար Հայաստան» կուսակցությունը գլխավորում է Արարատ Խաչատրյանը։
«Լուսավոր Հայաստան»-ի ընտրացուցակը գլխավորում է անկուսակցական Նաղաշ Հակոբյանը, մասնագիտությամբ՝ ատամնաբույժ։
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ը գլխավորում է Ռադիկ Հարությունյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորում է Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
Մարտունի համայնքի գործող ղեկավար Արմեն Ավետիսյանը չի առաջադրվել։
Գավառում գրանցված թեկնածուները 3-ն են՝ «Գուրգեն Մարտիրոսյան» կուսակցությունների դաշինքը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Ընտրատեղամասերի ընդհանուր քանակը 30 է։
Սևանում թեկնածուները 3-ն են՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք։ Ընտրատեղամասերի ընդհանուր քանակը 24 է։ Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը թեկնածու չունի։
Վարդենիսում ևս գրանցված թեկնածուները 3-ն են՝ «Ահարոն Հովհաննիսյան» կուսակցությունների դաշինք, «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր»։ Այստեղ կա 39 ընտրատեղամաս։
Աննա Արզումանյան
Մեկնաբանել