
Մասիսում ընտրապայքարին մասնակցում են նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դաշինքը և ՔՊ-ն
Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են։ Ընտրապայքարին մասնակցում է 2 քաղաքական ուժ՝ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի համանուն դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սայեն Հայրապետյանը ԵԿՄ Արարատի մարզխորհրդի ղեկավարն է։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 17-ի որոշմամբ՝ նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն՝ մինչ այդ նա գործազուրկ էր։
Դրանից բացի, Հայրապետյանը 2015 թ.-ի սեպտեմբերի 1–ին դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։ Ընտրացուցակի 2-րդ համար Մելիք Նազարյանը նույնպես չի աշխատում, իսկ 3-րդ համարը՝ Նվարդ Սարգսյանը, մանկավարժ է։
«Դավիթ Համբարձումյան» դաշինքն առաջադրել է 81 թեկնածուի, որից 2-ն ինքնաբացարկ են հայտնել, իսկ ՔՊ-ն՝ 58-ի։ Դաշինքում չեն աշխատում գրանցված թեկնածուներից 22-ը, ՔՊ-ում՝ 19-ը։
ՔՊ-ի ցուցակում թեկնածու համայնքապետերի թիվը զգալիորեն գերազանցում է նախկին քաղաքապետի գլխավորած դաշինքի թեկնածուների թվին։
Օրինակ՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի կազմում են Հայանիստ, Այնթապ համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները, նաև՝ Մասիսի փոխքաղաքապետերը, իսկ ՔՊ-ում՝ Նորամարգ, Սիս, Դարակերտ, Արգավանդ, Դարբնիկ, Խաչփար, Նիզամի, Հովտաշատ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Արբաթ, Գեղանիստ, Արևաբույր համայնքների ղեկավարները, Գեղանիստ և Զորակ համայնքների ղեկավարի տեղակալները։
Նշենք, որ Դավիթ Համբարձումյանին 2018 թ.-ին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ, մասնավորապես՝ մի խումբ անձանց հետ 2018 թ.-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում հասարակական կարգը խախտելու մեջ։
Համբարձումյանը Մասիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից։
Մեկնաբանել