
Գիտության ֆինանսավորման աճը պետք է նպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլև կոնկրետ արդյունքներ արձանագրելուն. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված է եղել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Վարչապետը նշել է, որ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021 թվականի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ:
«2017-2018 թվականների նկատմամբ գիտության համախառն ֆինանսավորումը կրկնապատկվում է, և սա շատ կարևոր արձանագրում է: Ուզում եմ նաև արձանագրել, որ մենք արդեն ընդունել ենք մինչև 2026 թվականը գիտության ոլորտի աշխատողների բազային աշխատավարձի աճի վերաբերյալ ծրագիր: Ըստ էության, գիտաշխատողների աշխատավարձը, որ այսօր կազմում է շուրջ 90 հազար դրամ, մեր ընդունած որոշմամբ 2026 թվականի դրությամբ կլինի 276 հազար դրամ, որն աճ է 206 տոկոսով: Իսկ գիտական ստորաբաժանումների ղեկավարների աշխատավարձը, որն այսօր կազմում է 141 հազար դրամ, 2025-2026 թվականներին կդանա 477 հազար դրամ, աճը կազմում է շուրջ 238 տոկոս: Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ և այս քաղաքականությունն, իհարկե, շարունակվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորել է ոլորտին հատկացվող ֆինանսավորման ճիշտ տեղաբաշխումը, որը կնպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլև միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ արձանագրելուն, ինչը հետագայում կարտահայտվի նաև տնտեսության մեջ:
Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է 2022 թվականին գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, նշվել է, որ դրանք ուղղված են լինելու գիտության ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը, գիտական կենտրոնների վերականգնմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի խրախուսմանը, միջազգային մրցույթների անցկացմանը: Սարգիս Հայոցյանի խոսքով՝ քայլերն ուղղված են լինելու նաև գիտության ոլորտի պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, իրավական դաշտի կարգավորումներին: Այս առումով, առանձնակի կարևորվել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունումը:
Գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև Horison Europe ծրագրի շրջանակում առկա հնարավորությունները և գիտական կազմակերպությունների կողմից տարբեր ծրագրերի կյանքի կոչման նպատակով ռեսուրսների ներգրավման աշխատանքներին:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ և առաջարկություններ՝ միտված գիտության ոլորտի շարունակական զարգացմանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կառավարության նպատակադրվածությունը՝ նպաստելու գիտության բնագավառի առաջընթացին և կարևորել մասնավոր հատվածի հետ հետևողական համագործակցությունը:
Մեկնաբանել