
Տարոն Մարգարյան. «Վաղը որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Մաշտոցի պուրակ, ծանոթացել ընթացող բարեկարգման աշխատանքներին և իր դիրքորոշումն է հայտնել այնտեղ տեղադրված ժամանակավոր տաղավարների վերաբերյալ: Ըստ այդմ, հանրապետության ղեկավարն առաջարկել է Երևանի քաղաքապետին այգու համալիր բարեկարգման շրջանակում ապամոնտաժել ժամանակավոր տաղավարները:
Անդրադառնալով սույն հարցին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է. «Այսօր հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը՝ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները»:
Ի պատասխան սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցի, թե հնարավո՞ր է արդյոք, որ այդ տաղավարները կրկին վերատեղադրվեն Աբովյան փողոցում, Տարոն Մարգարյանն անհեթեթ է համարել այդ խոսակցությունները: «Մենք արդեն Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժել ենք և այդ տարածքները հանձնել ենք բնակչությանը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել