
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, երեկ 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը: Դատարանը միջնորդությունը քննել է ոչ թե նշանակված հերթական դատական նիստի ընթացքում, այլ պաշտպան Միքայելյանի դիմումի հիման վրա:
Մեր հարցին, թե ի՞նչ հրատապ հարց է առաջացել, որ դատարանը հերթական նիստից դուրս նիստ է նշանակել, Միքայելյանը պատասխանեց, թե պատճառը Սուքիասյանի նկատմամբ թույլ տրված ապօրինություններն են, վերջինս կալանավորվել է՝ չնայած այն հանգամանքին, որ առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է համարել:
Ռոբերտ Սուքիասյանը, հիշեցնենք, մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: 2021 թվականի հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել են, հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում նաև կրակոցներ են հնչել: Միջադեպի ընթացքում ԱՄՆ-ի քաղաքացի մի տղամարդ ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 4 անձի, որոնց թվում՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել: Սուքիասյանն ի սկզբանե կալանավորվել է, ապա նրա նկատմամբ գրավ է կիրառվել: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Մինչ վերաքննիչ դատարանը որոշում կկայացներ, միջադեպի առթիվ բուն գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության:
Գոռ Միքայելյանն ասաց, որ գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, որը վարույթ է ընդունել այն և, անդրադառնալով Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին, որոշել է անփոփոխ թողնել վերջինիս նկատմամբ այդ պահին կիրառված խափանման միջոց գրավը:
Կարեն Ֆարխոյանի՝ խափանման միջոցի հարցով որոշումից հետո Վերաքննիչ դատարանը քննարկել է Սուքիասյանի նկատմամբ դեռևս նախաքննության փուլում գրավ կիրառելու որոշման դեմ դատախազության բողոքը և որոշել այն բավարարել:
Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքի քննությունն իր բացակայությամբ է իրականացրել՝ չնայած այն հանգամանքին, որ նախապես տեղյակ է պահել այլ ծանրաբեռնվածություն ունենալու մասին և խնդրել հետաձգել նիստը: Գործով դատավորը եղել է նորանշանակ Տարոն Սիմոնյանը:
Պաշտպանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Սուքիասյանի վերաբերյալ գործն արդեն ուղարկվել էր ըստ էության քննության և դատարանը նրա նկատմամբ գրավի որոշումը թողել էր անփոփոխ, հիմնվելով վերաքննիչ դատարանի որոշման վրա՝ դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է արգելանքի վերցնել Ռոբերտ Սուքիասյանին, ինչն արվել է. Սուքիասյանը կրկին կալանավորվել է: Տվյալ փուլում, ըստ պաշտպանի, վարույթն իրականացնող մարմինը դատարանն էր, և դատախազությունն իրավունք չուներ հանձնարարել կալանավորել անձին:
Նման պայմաններում Գոռ Միքայելյանը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցով նիստ հրավիրելու համար:
Դատարանը, փաստորեն, քննարկելով հարցը, կրկին համարել է, որ Սուքիասյանը պետք է ազատ արձակվի 55 մլն դրամ գրավի դիմաց:
Մեկնաբանել