
Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանի հայտարարագրերի գործով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բողոքը
Վարչական վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Աշոտ Սարգսյանի, մերժել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերի գործով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բողոքը:
2019թ․ մայիսի 17-ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցադիմումն ընդդեմ այժմյան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավանախորդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի:
Դատարանը հանձնաժողովին պարտավորեցրել է Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018-ի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրերը ոչնչացնել, և հանձնաժողովը բողոքարկել է դատարանի վճիռը, որը շուրջ երկու տարի քննվում էր Վերաքննիչ վարչական դատարանում:
Ղազարյանը վարչական հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել, պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի՝ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու և դրանք հրապարակելու հանձնաժողովի գործողությունները, «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր և կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել:
Նշենք, որ այս պահին ապօրինի հարստացման հոդվածով Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` արդարացնող հիմքով: ՀՔԾ քննիչը Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ արձանագրել է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի 1-ին տեղակալը բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկից հանվել է, հետևաբար այդ պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը ապրիլի 9-ից դադարել է հայտարարատու պաշտոնատար անձ լինելուց:
Մեկնաբանել