
Հայաստանում լիովին պատվաստվել է մոտ 14%-ը, ամենաշատը՝ Կոտայքի մարզում
Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ երկրորդ դեղաչափը ստացել է, այսինքն՝ «լիովին պատվաստվել է» 406 681 մարդ կամ բնակչության 13,74%-ը։ Ամենաշատը պատվաստվել են Կոտայքի, Արարատի մարզում, ամենաքիչը՝ Երևանում և Տավուշում։ Պատվաստվածների մեծ մասը՝ 40,5%-ը, ստացել է չինական «Sinopharm»։
Նոյեմբերի 24-ի դրությամբ՝ Հայաստանում պատվաստվել է 1 168 501 մարդ, առաջին դեղաչափը ստացել է 738 887 մարդ, երկրորդը՝ 406 681 կամ 13,74%-ը։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ պատվաստվածների մեջ օտարերկրացիների թիվը շատ քիչ է՝ 7177 մարդ, ինչը կազմում է ընդհանուր պատվաստվածների 0,6%-ը։ Առանձին վիճակագրություն, թե որ երկրներից են նրանք, նախարարությունը չի վարում։
Բնակչության թվի և առաջին դեղաչափի պատվաստումների հարաբերակցությամբ ամենաշատը՝ բնակչության 26,5%-ը, պատվաստվել են Արարատի մարզում: Ամենաքիչը պատվաստվել են Տավուշի մարզում՝ 18,9% և Երևանում՝ 16,8%։
Սակայն լիովին պատվաստվածների՝ այսինքն՝ 2-րդ դեղաչափը ստացածների թվով՝ «ամենապատվաստվածը» Կոտայքն է. պատվաստվել է մարզի բնակչության 14,7%-ը։ Կոտայքին հաջորդում է Վայոց Ձորը (14,38%) և Արարատի մարզը (14,1%)։
Ամենաշատը պատվաստվել են չինական «Sinopharm»-ով՝ 299 222 դեղաչափ, ապա՝ անգլո-շվեդական «AztraZeneca»-ով՝ 189 572 դեղաչափ և ռուսական «Sputnik V»-ով՝ 118 450 դեղաչափ, ամենաքիչը՝ չինական «Sinovac» ընկերության «CoronaVac» պատվաստանյութով՝ 49 973 դեղաչափ, սակայն սա պայմանավորված է նաև պատվաստանյութերի՝ Հայաստանում հասանելիությամբ ու քանակով։
Ընդհանուր առմամբ՝ պատվաստանյութերի առաջին դեղաչափերի 40,5%-ը բաժին է հասնում չինական «Sinopharm»-ին, 25,6%-ը՝ «AstraZeneca»-ին, ապա «Sputnik V»-ն է՝ 16%, «Moderna»-ն՝ 11,05%, «Sinovac»-ը` 6,76%։
Առողջապահության նախարարությանը խնդրել էինք նաև վիճակագրություն տրամադրել պատվաստված անձանց շրջանում մահվան ցուցանիշների վերաբերյալ, սակայն նախարարությունից հայտնել էին, որ այդ տվյալները հավաքագրման փուլում են և կներկայացվեն մինչև տարվա վերջ։
Նախարարությունը չի տրամադրել տեղեկություններ նաև հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վերաբերյալ՝ նշելով, սակայն, որ դրանք նույնպես ուսումնասիրվում են։
«Կորոնավիրուսով մարդկանց բուժումը հիվանդանոցային պայմաններում կազմակերպվում է Առողջապահության նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 3526-Ա հրամանով հաստատված «Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների վարման կլինիկական ուղեցույց»-ի համաձայն, որը մշակվել է՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի առաջարկները և ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի առաջարկները»,- պատասխանել են ԱՆ-ից։
Մեկնաբանել