
«Այս պահին լիարժեք «լոքդաունի» անցնելու անհրաժեշտություն չկա, բայց դրան մոտ պետք է լինենք»
Կորոնավիրուսային համավարակի հետևանքով 2020թ․-ից մինչ օրս Հայաստանում 7183 մարդ է մահացել։ Աշնանը համավարակը նոր թափ է ստացել, օրական մահերի նվազագույն թիվն անցնում է չորս տասնյակից։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանի հետ զրուցել ենք համավարակը կանխելու գործում պետության դերակատարության, համավարակին համարժեք քայլեր չձեռնարկելու մասին։
Պրն Բադալյան, Հայաստանում ամեն օր ռեկորդային թվերով մահեր են գրանցվում, սակայն Կառավարությունը համավարակը կանխարգելող միջոցառումներ չի ձեռնարկում, սահմանափակումներ չկան: Ձեր կարծիքով, դրա անհրաժեշտությունը չկա՞ այլևս:
Քանի դեռ համաճարակային պրոցեսը շարունակվում է, բնականաբար, կանխարգելող միջոցառումները պետք է իրականացվեն։ Չիրականացնելը, միգուցե, վերաբերում է լիարժեք «լոքդաուն»-ի (lockdown) անցնելո՞ւն, ես էլ եմ համաձայն, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։ Լիարժեք «լոքդաունի» պետք է անցնել այն պահին, երբ հիվանդության դեմ պայքարելու հաստատուն միջոց ունես։ Դա, հիմնականում, պատվաստումն է, բայց հիմա պատվաստման ցուցանիշը շատ ցածր է մեր հանրապետությունում։ Իրականում չգիտենք էլ, թե ինչքան մարդ է վարակվել-լավացել, այստեղ արդեն հարցեր են առաջանում թե՛ իրական հիվանդացության, թե՛ պատվաստման տեսանկյունից: Թե բնակչության քա՞նի տոկոսը պետք է պատվաստվի, որպեսզի կոլեկտիվ իմունիտետ ձևավորվի, պետք է հետևենք պաշտոնական տեղեկատվությանը և մաթեմատիկական հաշվարկ կատարենք, որի համար ամիսներ կպահանջվի։ Հետևաբար, ստացվում է, որ ամիսներով պետք է մնանք լոքդաունի մեջ, որն ուղղակի անհնար է։ Դրա համար էլ չեն անցնում լոքդաունի, բայց գոնե դրան մոտ պետք է լինենք։ Առաջինը՝ պետք է խրախուսեն պատվաստումային գործընթացը, որպեսզի կարճ ժամանակամիջոցում առավելագույնս շատ մարդ պատվաստվի։ Այնուհետև բավականին խստացվի տրասպորտի շարժը, մասսայական միջոցառումներն իրականացվեն խստացված ռեժիմով՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը լինի և այլն։ Այսինքն, մոտենանք «լոքդաուն»-ին, բայց ամբողջությամբ չանցնենք այդ ռեժիմին։ Եթե թվերն ինչ-որ փուլում սկսում են աստիճանաբար մարել, արդեն պետք է ակտիվանա կոնտակտավորների բացահայտումը, նրանց շարժի սահմանափակումը։ Երբ նրանց թիվը մեծ է հանրային տարածքում, համաճարակի տարածումը կանխելու գործընթաց կազմակերպելը շատ դժվար է։ Երբ թվերը սկսում են իջնել՝ արդեն այդ գործընթացն էլ պետք է կյանքի կոչել, որպեսզի հնարավորինս «կոտրենք» վարակի փոխանցման շղթան։ Սրանք հիմնական միջոցառումներն են, որոնք, անկախ ամեն ինչից, պետք է արվեն։
Հասկանալի է, որ հիմա առաջնայինը պատվաստումն է համարվում, բայց նաև այնքան բարձիթողի վիճակ է, որ մարզերի բուժհաստատություններից թեստավորվելու համար հիվանդին Երևան են ուղարկում, որովհետև իրենք թեստ չունեն։ Սա չի՞ նշանակում, որ բուժական հաստատություններն իրենք են նպաստում համավարակի տարածմանը:
Իհարկե, դա նորմալ չէ, յուրաքանչյուր բուժհաստատություն բուժական կանխարգելման գործընթացը պետք է տեղում կազմակերպի։ Սա արդեն խնդիր է, մենք սովորաբար սոնոգրաֆիայի, թեստավորման և այլ հետազոտությունները չենք խրախուսում, որովհետև կոնտակտավորների շարժը չպետք է խրախուսվի, հերթերում մարդիկ շատ հեշտ կարող են վարակել։ Եթե հոսպիտալիզացիայի համար մարդիկ կան հերթագրված և չեն կարողանում հոսպիտալիզացնել, ուրեմն արդեն դեֆոլտ է, կաթվածահար է վիճակը։ Ամեն օր տեսնում ենք, որ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում, հիվանդանոց չմնաց, որ վերապրոֆիլավորված չլինի։
Եթե պատվաստմանը զուգահեռ համավարակի կանխարգելում չի իրականացվում, բնականաբար, համակարգը չի հասցնի բոլորին սպասարկել։
Պատվաստումն առանձին թեմա է, հիմա մենք և՛ այդ թեմայով ենք խոսում, և՛ կանխարգելման։ Պատվաստումից խոսում ենք, որպեսզի մոտենանք «լոքդաունի» վիճակին և բուժական մասը թեթևացնենք, որն այսօր շատ դժվար է տեղից շարժվում։ Դրա համար մենք թանկ գին ենք վճարում ամեն օր:
Գիտությունը ի՞նչ հիմնական գործոններ է առանձնացնում համաճարակների կանխարգելման և նվազեցման համար, և ի՞նչը մեզ չի հաջողվում:
Քովիդը շատ նենգ ձևով իրեն դրսևորեց անգամ այն կտրվածքով, որ 80%-ի մոտ թեթև ընթացք էր ցույց տալիս և 20%-ի մոտ էր ծանր և ծայրահեղ ծանր վիճակ, բայց այդ 20% ծանր և ծայրահեղ ծանրը առողջապահական համակարգը կաթվածահար արեց։ Այսինքն, կարճ ժամանակամիջոցում մեծ թվով հիվանդներ ես ունենում, որին չես հասցնում սպասարկել։ Մինչև հիմա էլ Քովիդը, բավականին արագ, բավականին ագրեսիվ ծավալվելով, շատ լուրջ խնդիրներ է առաջացնում։ Թե ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեր՝ արդեն պարզ է, բայց դրանք կյանքի կոչելն է շատ դժվար՝ պայմանավորված ազգերի խառնվածքով, մարդկանց մենթալիտետի և մնացած այլ հարցերով։ Ինչքան էլ պատվաստվելու քարոզչություն արվի դրական տեսանկյունից, եթե դրան զուգահեռ բացասականն էլ է ընթանում՝ հաղթելու է երկրորդը։ Դրա համար էլ տխուր վիճակագրություն ունենք։ էլ չասենք, որ շատերն էլ դիվանագիտորեն են հարցին մոտենում․ ասում են՝ դեմ չենք, բայց․․․, եթե «բայցն» ու «պռոն» զուգահեռ են արվում՝ հաղթելու է «բայցը»։ Կամ պետք է կողմ խոսես, կամ՝ չխոսես։
Ուսումնասիրություններ կա՞ն, թե եվրոպական երկրներում, որոնք պատվաստման բարձր ցուցանիշ ունեն, ինչ փոփոխություններ են գրանցվել։ Ինչքանո՞վ է հիմա իրարից տարբեր ամենաշատ պատվաստված երկրի և Հայաստանի համաճարակային վիճակը, որը պատվաստման ամենացածր ցուցանիշ ունեցողներից է։
Այստեղ երկու հիմնական բան կարող ենք առանձնացնել. առաջինը՝ որ պատվաստման բարձր ցուցանիշ ունեցող երկրներում հոսպիտալացումները, մահացությունները, վերակենդանացման բաժանմունքների հիվանդների թիվը կտրուկ նվազել է։ Սա առաջին կարևոր ձեռքբերումներից է, իսկ դա մեր առաջնային նպատակն է։ Ինչ վերաբերում է որոշ երկրներում այս հիվանդացության աճին, այստեղ պրոցեսը բարդանում է, որովհետև այն վիճակագրությունը, որ ներկայացվում է, շատ ընդհանուր է։ Այստեղ խորանալ է պետք, բայց շատ տվյալներ չունենք։ Հուսամ մոտակա ժամանակներում կունենանք տվյալներ, թե օրինակ, ինչո՞ւ մի երկրում մահացությունը և մյուս ցուցանիշներն իջել են, բայց վարակը դարձյալ գլուխ է բարձրացրել։ Այստեղ խորքային ուսումնասիրություններ են պետք, որովհետև դրանք կարող են կրկնավարակի, պատվաստումների արդյունավետության անկման, մուտացիաների և տարբեր այլ գործոններ լինեն։
Նույնիսկ պատվաստվելուց հետո բարձր ինքնավստահությունը տեղին չէ, եթե դիմակ չեն կրում, հակահամաճարակային մյուս գործողությունները չեն պահպանում, բնականաբար, համավարակը կշարունակի տարածվել։ Վարակակիր ես՝ չես հիվանդանում, բայց վարակը տարածում ես, մուտացիաները կարող են բերել նոր սրացումների և այլն։ Այս բոլոր գործոնների մինուսը կրկին կարող է բերել վարակման նոր դեպքերի։ Վակցինացումը և վակցինաների արդյունավետությունը գրեթե 100%-ի պետք է հասնի, որպեսզի կոլեկտիվ իմունիտետ ձևավորվի։ Համաճարակը բազմագործոն է, և պետք է դեռ ուսումնասիրել, թե ինչու է խնդիրն այդքան բարդանում։ Այնպես որ այսօր առաջին կարևոր հարցը փակված է, երկրորդը դեռ ուսումնասիրման փուլում է, տարբեր գործոններ կան, որոնք կարող են նպաստել նոր սրացումների։
Բնակչության մոտ տարբեր իրավիճակներից ելնելով՝ հարցեր են միշտ առաջանում և դրանց ոչ սպառիչ պատասխան տալը թերահավատություն է առաջ բերում պատվաստվելու հարցում։ Անցած տարի խոսվում էր այն մասին, որ երբ մարդիկ հիվանդանան և իմունիտետ ձևավորվի՝ համաճարակը կսկսի նվազել, բայց փաստացի 2-3 անգամ հիվանդանալուց հետո անգամ մարդիկ պաշտպանված չեն և հավատ չունեն, որ վակցինացիան կանխարգելում է համավարակը։
Իմունիտետ ձևավորելու ժակետը դեռևս պարզ չէ, մի վարակի դեպքում ցույց է տալիս 16 ամիս, մյուսի դեպքում՝ 3 տարի և այլն։ Շատ դժվար է այդ դինամիկան վարելը, պատվաստումներով հեշտ է, որովհետև գիտական գործընթացն անվերջ շարունակվում է, կլինիկական փորձարկումները մշտապես կատարվում են: Պարբերաբար պետք է մարդկանց բացատրել, թե ինչու են անհրաժեշտ պատվաստումները: Մեր երկրում, երբ 2017թ.-ից պապիլոմավիրուս վարակի դեմ պատվաստումային գործընթացը տապալվեց, արդեն պարզ երևում էր, որ սա էլ է նույն բախտին արժանանալու։ Եթե այն տապալեցին, սա էլ պետք է տապալեն։ Այսօր կա ինտերնետը, կան լրատվամիջոցները, կա մարդու իրավունքներ, հարցի քաղաքականացում և այլն, որոնք բարդացնում են աշխատանքը։ Եվ վաղուց ջինը շշից բաց է թողնված։
Լինելով ծայրահեղությունների ազգ՝ փիառներ, ինքնահաստատումներ, դեմագոգիաներ, վրեժխնդրություններ, բնականաբար, կանխատեսվում էր, որ նույն տապալման գործընթացը ծավալվելու է այս դեպքում։ Այն, ինչը չկար ԽՍՀՄ-ի ժամանակ, անկախության առաջին տարիներին, 2000-ական թվականներին: Ինչքան էլ խոսեմ պատվաստման դրական կողմերի մասին, ինչպիսի քարոզչություն էլ իրականացվի, երբ ինքը լսեց, որ այդ պատվաստանյութից Ճապոնիայում երկու հոգի մահացել է՝ նա երբեք չի պատվաստվելու: Այստեղ դերակատարություն ունի հոգեբանական նախատրամադրվածությունը, կամքի ուժը, դաստիարակությունը և մնացած այլ գործոնները, որոնք պետք է հաշվի առնենք:
Պատվաստման կեղծ սերտիֆիկատ տրամադրելը հանցանք է, մարդու ճակատագրի հետ ես խաղում։ Հիմա ո՞վ կարող է հաշվարկել, թե պատվաստվածներից քանիսն են կեղծ եղել, քանիսն են վարակ տարածել և իրենց պատճառով ինչքան մարդ է մահացել: Չենք կարող հաշվել, բայց դա հաստատ եղել է:
Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ բավարար քարոզչություն չի տարվում մարդկանց մոտ համոզմունք ձևավորելու առումով։
Պատվաստման գործընթացն այսօր, ցավոք, քաղաքականացված է: Մեզ մոտ ամեն ինչն է քաղաքականացված, դրա համար միշտ ասում եմ, որ բժշկությունը չպետք է քաղաքականացնել, իմ սեփական հայացքը պրոֆեսիոնալ գործունեության հետ չպետք է նույնականացվի: Մարդիկ խաբված են շատ այլ գործոններից, սա էլ է որպես խաբեբայություն դիտվում, ցավում եմ, բայց այդ է իրականությունը: Ինչքան էլ քարոզարշավ անես, միևնույն է, պատին ես դեմ առնելու:
Մեկնաբանել