
ՏԻՄ ընտրություններ․ Կապանում հաղթել է «Շանթ դաշինքը», Իջևանում և Ստեփանավանում՝ ՔՊ-ն
Նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, Տավուշի մարզկենտրոն Իջևանում և Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով, իսկ Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն իսկ հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։ Ներկայացնում ենք արդյունքների ամփոփ տվյալները՝ ըստ համայնքների։
Կապանում «Շանթ դաշինքը» մեծ առավելությամբ հաղթել է ՔՊ-ին
Սյունիքի մարզկենտրոն Կապանում ընտրություններն աչքի ընկան քաղաքացիների ամենամեծ ակտիվությամբ։ Ընտրելու իրավունք ունեցող 31 673 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20 087-ը կամ 63,41 %-ը։
Կապանի ավագանու ընտրություններում առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
Այստեղ «Շանթ դաշինքը» հաղթել է կրկնակիից ավել առավելությամբ՝ ստանալով 13 962 քվե կամ քվեարկության մասնակիցների ձայների 70,18 %-ը։ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է 5791 ընտրող կամ 28,82 %: 331 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել էր նաև Սյունիքի մյուս խոշոր համայնքների ընտրություններում, որոնք տեղի էին ունեցել հոկտոմբերի 17-ին։ Գորիսում հաղթել էր «Առուշ Առուշանյան» դաշինքը, իսկ Մեղրիում՝ «Հանրապետություն» կուսակցությունը։
Իջևանում և Ստեփանավանում մրցակցություն չի եղել․ հաղթել է ՔՊ-ն
Տավուշի մարզկենտրոն Իջևանում ընտրողներն անհամեմատ ավելի պասիվ են եղել։ Ընտրելու իրավունք ունեցող 33 090 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեց 12 383-ը կամ 37,42 %-ը։
Ինչպես և Կապանում, Իջևանում ևս ընտրությունները մրցակցային չեն եղել։ Առաջադրված էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի ցուցակն էլ գլխավորում էր Իջևանի ավագանու անդամ Վահան Ղազումյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է 10 003 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 80,78 %-ը։ ՀՅԴ-ն ստացել է 1964 քվե կամ 15,86 %: 414 քվեաթերթիկ անվավեր է համարվել։
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ընտրողների թիվը 13 343 էր, սակայն քվեարկությանը մասնակցել է 5107 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 38,27 %-ը։
Այստեղ ևս բացահայt առավելությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», որի հետ մրցակցում էին «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 4004 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 78,40 %-ը։ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 705 քվե կամ 13,80 %, իսկ ՀԱԿ-ը՝ 218 քվե կամ 4,26 %: Ստեփանավանի ընտրատեղամասերում էլ անվավեր է ճանաչվել 180 քվեաթերթիկ։
Լերմոնտովոյում գործող համայնքապետը վերընտրվել է
Ինչպես արդեն նշել ենք, Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում էլ ընտրություններն անցկացվել են մեծամասնական ընտրակարգով։ Արզնիում ընտրել են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների։
Լերմոնտովոյում ընտրելու կար իրավունք ուներ 679 քաղաքացի, նրանցից ընտրություններին մասնակցել է ընդամենը 196-ը կամ 28,86 %-ը։
Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող համայնքապետ, անկուսակցական Էդիկ Չախալյանն ու կրկին անկուսակցական Ռաֆիկ Խառատյանը։ Էդիկ Չախալյանը վերընտրվել է ձայների բացահայտ առավելությամբ՝ ստանալով 167 քվե կամ 85,20%, իսկ Ռաֆիկ Խառատյանի օգտին քվեարկել է 17 քաղաքացի կամ 8,67 %: 11 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։
Արզնիի ավագանու անդամի ընտրություններում գրանցված 2052 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 521-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 25,38 %-ը:
Մեկնաբանել