
ՏԻՄ ընտրություններ Կապանում, Իջևանում և Ստեփանավանում
Հայաստանում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Իրենց համայնքների ղեկավարման մարմիններ են ընտրելու Կապան, Իջևան և Ստեփանավան խոշորացված համայնքի բնակիչները։
Այս համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական կարգով։ Սա նշանակում է, որ քաղաքացիները ընտրելու են ավագանու կազմը, որն էլ համայնքի ղեկավար է նշանակելու։ Ըստ օրենքի, համամասնական կարգով ընտրում են 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում։
Կապանում ընտրապայքարին մասնակցում է երկու կուսակցություն։
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որը գլխավորում է Կապանի ներկայիս ղեկավար Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը։
Ստեփանավանում քաղաքացիները կարող են ընտրել երեք կուսակցությունների միջև։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Ստեփանավանի ներկայիս ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Նա այս պաշտոնին նշանակվել է 2020 թ.-ին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես թեկնածուներ է առաջադրել։ 17 հոգուց բաղկացած ընտրացուցակի գլխավոր դեմքը Հարություն Ղարագյոզյանն է, որը 2012 թվականից ԲՀԿ քաղխորհրդի անդամ է։
Իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 15 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, նա զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ։
- Կարդացեք նաև՝ Ստեփանավանում «ՔՊ»-ի, «ԲՀԿ»-ի և «ՀԱԿ»-ի ընտրացուցակները գլխավորող թեկնածուների հայտարարագրերը
Իջևանում ընտրապայքարին մասնակցում են «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Առաջինի ընտրացուցակը գլխավորում է Վահան Ղազումյանը, որը զբաղվում է անհատ ձեռներեցությամբ։
Իջևան խոշորացված համայնքի գործող ղեկավար Արթուր Ճաղարյանը գլխավորում է «ՔՊ»-ի ցուցակը։
Կոտայքի մարզի Արզնի համայնքում նույնպես կայանալու են ընտրություններ, ընտրելու են ավագանի։ Լոռվա մարզի Լերմոնտովո համայնքում ընտրելու են և' ավագանի, և' համայնքի ղեկավար։
«Հետքը» լուսաբանելու է այս ՏԻՄ ընտրությունները։ Հետևեք մեր լրահոսին։
Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից
Մեկնաբանել